Մեր երկրում հաստատված ռեժիմի քաղաքական հետապնդումների ու Ատելության կուսակցության առաջնորդի առջև ծնկի չեկողների վրա կարվող գործերի թեման անսպառ է: Թող ոչ մեկը չկասկածի՝ թեման չի մարելու, չի մոռացվելու, միշտ մնալու է օրակարգում, աղաղակող այս խայտառակության մասին պերմանենտ խոսվելու է: Այս պահին հերթական առիթն այն է, որ ՍԴ նախագահի, նրա հարազատների ու բարեկամների վրա կարված գործերի մի մասը Քննչական կոմիտեից տեղափոխվել են Հատուկ քննչական ծառայություն:

Եվ այսպես՝ տակավին վերջերս ինձ հարազատ դարձած ՀՔԾ քննիչներ Էդիկ Հակոբյանը և Վազգեն Ավետիսյանը պետք է որ հստակ գիտակցեն՝ քննչականի այս պարոնների՝ Կամո Սահակյանի և Արամ Հարությունյանի հարցերը պարզ են: Նրանք չեն դիմացել, նրանք ընկրկել են ու իրենց կարած գործերի մասով ամեն բան հստակ է, ամեն բան արձանագրված է ներսում և դրսում, ամենայն մանրամասնություններով ու բոլոր առանձնահատկություններով: Իրենք իրենցն արել են, ու հիմա իրենցից միայն պահանջվում է ամեն օր մեղրաջուր խմել և սպասել իրենց հարցաքննության օրվան:

Պարոնայք ՀՔԾ քննիչներ, Կամոյի և Արամի կարած-կարկատած գործերը հիմա արդեն ձեր մոտ են, և խելագարության կանխավարկածի քայլող մարմնացում ձեր վերադասները ձեզանից են պահանջելու շարունակել կարկատման պրոցեսը: Հիմա դուք կանգնած եք ձեր կյանքի, թերևս, կարևորագույն ընտրության առջև հավասարվել Կամոյին ու Արամին, արժանանալ նրանց ճակատագրին կամ մասնագիտական կեցվածք դրսևորել ու խայտառակ չլինել՝ դատարանում և կյանքում առհասարակ, վերջում էլ՝ չհարցաքննվել՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Եվ ուրեմն՝ ընտրությունը ձերն է, պարոնայք: Լավ մտածեք, շատ լավ մտածեք: Եվ հիշեք՝ այսօրվանից սկսած ձեր բոլոր քայլերը մանրադիտակի տակ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել