Pastinfo.am-ը գրում է.

«Ես կարծում եմ, որ իշխանությունն ուղղակի էկոնոմ ռեժիմ է մտնում։ Դրանով ահռելի քանակությամբ ժամեր են կրճատվելու բոլոր բուհերում, ահագին աշխատատեղեր կարող են պակասեցվել։ Ինձ թվում է՝ հիմնական նպատակը դա է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով բուհերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու գաղափարին։

Սամվել Խուդոյանը չի կարծում, թե այստեղ հակահայկական կամ ազգային արժեհամակարգի դեմ ուղղված ենթատեքստ պետք է փնտրել։ Ըստ նրա, խնդիրը պետք է դիտարկել զուտ տնտեսական հարթության մեջ։

Հիշեցնենք, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները այսօր դասադուլ են հայտարարել ՝ ընդդեմ բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու գաղափարի: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։

«Շատերը փորձում են ներկայացնել, թե սա ազգայինի դեմ է, դա օգտագործում է ընդդիմությունը։ Ընդհանուր էկոնոմ ռեժիմ են մտնում։ Տնտեսության վիճակը, բնականաբար, վատ է»,-ասաց Խուդոյանը։

Հարցին, արդյո՞ք այս խնդիրը կարող է հանրային դժգոհության լայն ալիք բարձրացնել, Սամվել Խուդոյանը պատասխանեց, որ ընդդիմությունը դրան է ձգտում, իսկ իշխանությունը կոպիտ սխալներ է թույլ տալիս. «Չեմ հասկանում, օրիգինալությու՞ն են ուզում դրսեւորել։ Ասենք, այդ ներկայացումը...Ոմանք էլ ասում ե, թե 2 միլիոն 700 հազար դրամը ներկայացման համար ի՞նչ փող է»։

Հոգեբանը, սակայն, կարծում է, որ այսօր հանրային դժգոհության արտահայտման ավելի լուրջ պատճառներ կան, այդ թվում ՝ գիտության նկատմամբ անտարբեր վերաբերմունքից մինչեւ դատաիրավական համակարգում ընթացող զարգացումներ ու երկակի ստանդարտները։ «Ակադեմիայում ինստիտուտներ կան, որ ամբողջ գիտությունն այդտեղ է ստեղծվում կամ մեկին գրագողության համար հանեցին, մյուսներին նույն ձեւով խրախուսում են։ Դատական համակարգում վեթթինգ հայտարարեցին, հետո ասացին ՝ չի կարելի դա օգտագործել ու դատավորները դիրքորոշված են դեպի իշխանություն՝ ոնց որ առաջ էր, հիմա էլ, ինչ ուզում՝ անում են, երկակի ստանդարտներով դատեր կարող են լինել, մի մարդու հայցը, որ չպետք է բավարարվեր, բավարարվում է, որովհետեւ իշխանամետ է։ Այս խնդիրներն ավելի լուրջ են՝ եթե չունենք արդար դատարան, արդար հասարակություն չի կարող լինել»,-շեշտում է Սամվել Խուդոյանը՝ հավելելով, որ այսպես միեւնույն ճահճի մեջ ենք հայտնվում։

Հոգեբանի խոսքով պետական ապարատում տեղի ունեցող կրճատումները եւս կարող են դժգոհություն առաջացնել. «Հոյակապ կադրերի են հանում, չեմ ուզում անուններ տալ, բայց , իրենց քմահաճույքով հանում են կադրերի, որոնք ոլորտներ են հիմնադրել, նշանակում են էլի ծանոթ-բարեկամ սկզբունքով»։

Դիտարկմանը, որ ստացվում ՝ գործող իշխանությունն անում է քայլեր, որոնք նախկինում քննադատել է, հոգեբանն արձագանքեց. «Ընդդիմության ֆունկցիան հենց այդ է՝ անընդհատ քննադատել, բայց իրենք, գալով իշխանության եւ տեսնելով, որ խնդիրները չեն կարողանում լուծել, նույն ճանապարհով են գնում։ Առաջ քննադատում էին ավելորդ ծախսերը, հիմա նույն բանն ենք տեսնում։ Մի բան լավ է, որ վարչապետն այդ թեմաներով խոսում է, բայց վերջերս էլ սկսել է արդարացնել՝ անհիմն ձեւերով, ակնհայտ ուզում է կոծկել, արդարացնել այս նախարարի արարքը, այն նախարարի արարքը»։

Անդրադառնալով գործող իշխանության շռայլություններին, Սամվել Խուդոյանը նկատեց, որ կառավարական առանձնատան վրա ծախսված 200 հազար դոլարն էլ մեծ գումար է. «200 հազարն էլ շատ մեծ գումար է, եթե մեկը մտածում է ոչ թե իր շքեղությունների մասին, այլ երկրի։ Մենք տեսնում ենք՝ հարուստ երկրների ղեկավարները տրանսպորտով են գնում-գալիս, մերոնք աղքատ, պատերազմող երկրում ինքնաթիռ են ուզում գնել։ Այս ամենը վկայում է, որ մարդիկ ճոխություն են սիրում, իսկ ճոխություն սիրողը, նա, ով իր կոմֆորտի մասին է մտածում, ժողովրդի մասին չի մտածի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել