Ոչ ոք չգիտեր, թե որքան ցածր դիրքում կարող են հայտնվել մարդիկ, որոնց հնարավորություն կտան մեկ այլ մարդու հետ անելու այն, ինչ ցանկանան։ Մյուսների նման այս մասին չգիտեր նաև նկարչուհի Մարինա Աբրամովիչը, ով 1974 թ. հայտնի դարձավ իր «Ռիթմ 0» նախագծի շնորհիվ։

Փորձի գաղափարը պարզ ու օրիգինալ էր. 6 ժամվա ընթացքում նա թույլ տվեց մյուսներին իր մարմնի նկատմամբ իշխանություն հաստատել։ Ներկայացումը կայացավ Նեապոլի ցուցադրությունների կենտրոնում։

Մարինա Աբրամովիչը կանգնեց երկար սեղանի առջև, որի վրա 72 տարբեր առարկաներ էին դրված։ Դրանց մի մասը նախատեսված էր մարդուն հաճույք պատճառելու համար, մյուսները՝ ցավ, իսկ երրորդները՝ կյանքից զրկելու։ Նկարչուհու առջև դրված էին փետուրներ, լուցկիներ, դանակ, մեխեր, շղթաներ, գդալ, գինի, մեղր, շաքարավազ, օճառ, տորթի կտոր, աղ, ածելիներով տուփ, մետաղյա խողովակ, սպիրտ և այլն։

Մարինա Աբրամովիչն իր առջև դրել էր ցուցանակ, որի վրա գրված էր.

«Հրահանգներ. սեղանի վրա կա 72 առարկա, որոնք կարող եք օգտագործել այնպես, ինչպես ցանկանում եք։

Ներկայացում. «Ես օբյեկտ եմ»։

Ողջ ընթացքում կատարվելիքի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։

Տևողությունը՝ 6 ժամ՝ 20։00-2։00։»

Ի սկզբանե հանդիսատեսը քաղաքավարի և նուրբ էր. նրանք համբուրում էին աղջկան, ծաղիկներ նվիրում, սակայն մերժումներ ստանալուց կամ առհասարակ արձագանք չստանալուց հետո աստիճանաբար ավելի հեռուն էին գնում։ Ներկայացմանը ներկա արվեստաբան Թոմաս ՄաքԷվիլին գրել է. «Ամեն ինչ լավ սկսվեց։ Ոմանք պտտում էին նրան, մյուսները՝ ձեռքը շոշափում, երրորդները՝ ավելի ինտիմ վայրերի դիպչում։ Սակայն նեապոլիտանական գիշերը դեռ նոր էր սկսվում։ Ընթացքող երրորդ ժամին աղջկա հագուստն ամբողջովին պատռել էին ածելիներով, վնասել նրա մաշկը։ Մեկը կտրել էր նրա պարանոցն ու խմել արյունը։ Սեռական բնույթի գործողություններ էին կատարում։ Իսկ աղջիկն այնքան էր ներգրավվել գործընթացի մեջ, որ չէր դիմադրի անգամ, եթե նրան ցանկանային բռնաբարել կամ սպանել։ Տեսնելով նրա վիճակը՝ որոշ մարդիկ փորձեցին պաշտպանել աղջկան։ Երբ հանդիսատեսներից մեկը լիցքավորված ատրճանակը պահեց Մարինայի գլխին, մեծ վեճ սկսվեց»։

«Սկզբում հանդիսատեսը ցանկանում էր խաղալ ինձ հետ։ Այնուհետև նրանք ավելի ու ավելի ագրեսիվ դարձան և վեց ժամը վերածվեց իրական սարսափի։ Նրանք կտրում էին մազերս, վարդերի փշերը խրում մարմնիս մեջ, կտրում ուսիս մաշկը, ապա պլաստիր ամրացնում վերքին։ Ներկայացման ավարտից հետո ես արցունքն աչքերիս, մերկ ընդառաջ գնացի հանդիսատեսին, որոնք սարսափահար փախան, քանի որ կարծես զգացին, որ ես այլևս խաղալիք չեմ և կառավարում եմ մարմինս։ Հիշում եմ, որ այդ օրը հյուրանոց վերադառնալուց հետո նայեցի հայելու մեջ ու նկատեցի, որ սպիտակ մազեր են հայտնվել գլխիս», - պատմել է Մարինան։

«Ես ցանկանում էի մի բան ցույց տալ. չափազանց զարմանալի է, թե որքան արագ մարդ արարածը կարող է վերադառնալ վայրի կենդանական վիճակին, եթե դա նրան թույլ տան։ Իմ  կատարած փորձը ցույց է տալիս, որ եթե որոշման կայացումը հանձնվի հանրությանը, ապա քեզ կսպանեն», - ասում է նկարչուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել