ՀՀ ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանում գիտության ոլորտի թռիչքային զարգացման համար ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը:

«Հայաստանում գիտությունը ոչ բավարար չափով է ֆինանսավորվել ժամանակի ընթացքում: Թե ֆունդամենտալ, թե կիրառական գիտություններում հիմնականում ծրագրային ֆինանսավորում է արվել: Սակայն հայտնի փաստ է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու, մոտիվացնելու համար պետք է ֆինանսավորում: Հստակ է, որ աշխատավարձերը պետք է բարձր լինեն, որպեսզի երիտասարդները ցանկություն ունենան գալ դեպի գիտություն»,-ասաց Հովհաննիսյանը:

 Նա նկատեց՝ այսօր Հայաստանում IT (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտը հռչակվել է որպես առաջնահերթություն, սակայն հիմնական շեշտն այս ոլորտի վրա դնելով տուժում է  բնագիտական թևը: Պատգամավորի կարծիքով՝ IT ոլորտում բարձր աշխատավարձը գրավիչ է դառնում երիտասարդների համար, որոնք չեն շարունակում մնալ գիտության մեջ և հավելյալ արդյունք բերել գիտությանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունը վերջերս հավելյալ միջոցներ է հատկացրել Գիտության կոմիտեին՝ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար: Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով վերակառուցվել են մի շարք լաբորատորիաներ: «Բայց կարծում եմ, որ դրանք անհրաժեշտ, սակայն բավարար պայման չեն ռեալ խոսելու Հայաստանում գիտության թռիչքային զարգացման մասին»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ պետք է քննարկման ընթացքում կարողանան հստակ մատնանշել, թե Հայաստանում ինչու և որքանքով է պետք է գիտության ֆինանսավորումը բարձրացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել