«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միջազգային հանրությունն արդեն ձեռագիր է դարձրել Բաքվի յուրաքանչյուր սադրանքից հետո անհասցե հայտարարություն անելը, ընդհանրապես չարձագանքելը կամ էլ արձագանքի նմանվող հերթապահ ձեւակերպումները:

Հիշեցնենք, որ հայկական սահմանների, Տավուշի բնակչության նկատմամբ ադրբեջանական հերթական ոտնձգությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից անմիջապես հետո եղավ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը եւ վաղ առավոտյան գնդակոծեց Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերն ու դիրքերը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն ասել էր, թե չի բացառում, որ ադրբեջանական կողմի այս սադրանքը կապված է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձեւի հետ:

Ինչպե՞ս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն Ադրբեջանի այս սադրիչ կեցվածքը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին պատասխանել է.

«Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդարացի ու խաղաղ լուծման հարցում կողմերին օգնելու իր ամուր հանձնառությանը: Դեսպանությունը լիովին համամիտ է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք կողմերին կոչ են անում խստիվ պահպանել հրադադարը եւ զերծ մնալ սադրիչ գործողություններից: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Զսպվածության հանդես բերումը խիստ էական է պահպանելու այն միջավայրը, որը նպաստավոր է խաղաղության եւ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»:

Իսկ ի՞նչ է այս մասին մտածում ՀԱՊԿ-ն, որը համարվում է կայունության եւ անվտանգության երաշխավորը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրի՝ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը երեկ հայակական լրատվամիջոցներին ասել է, թե Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին իր տարածքի գնդակոծության առնչությամբ:

Նա ընդգծել է` Ռուսաստանը Հայաստանին համարում է իր դաշնակիցը, եւ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը նրա պաշտպանության նպատակով:«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն այստեղ գեղեցկության համար չի տեղակայված»,- ամփոփել է Զատուլինը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել