Tert.am-ը գրում է.

Tert.am-ը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին առ այն, որ Արցախի հակամարտության հարցում կա դինամիկա, Արցախի ու ՀՀ-ի դիրքորոշումները Արցախյան խնդրի հարցում նույնն են։ Արման Մելիքյանն ասում է, որ  քանի դեռ Բաքուն հարցը դիտարկում է ՀՀ–ի կողմից իր տարածքն օկուպացնելու համատեքստում, 3 ժողովուրդների փոխհամաձայնության մասին խոսելն ընկալվում է որպես երեսպաշտության դրսևորում։

-Պարո՛ն Մելիքյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Արցախյան հակամարտության հարցում կա դինամիկա և որ Արցախի ու ՀՀ-ի դիրքորոշումները Արցախյան խնդրի հարցում նույնն են: Դուք ի՞նչ եք կարծում սրա վերաբերյալ, արդյո՞ք դա այդպես է:

- Դինամիկա ասվածը բանակցային գործընթացի համատեքստում շատ երկիմաստ հնչող որակում է: Այդ դինամիկան կարող է ենթադրել ինչպես բանակցող կողմերի մոտեցումների մերձեցումը, այնպես էլ մինչ այժմ ձևավորված բանակցային օրակարգի ու ձևաչափի վերանայում կամ մերժում անգամ բանակցող մեկ կողմի նախաձեռնությամբ: Ամբողջ հարցն այն է, թե իրականում որ տարբերակի հետ գործ ունենք, որովհետև հենց դրա հիման վրա է, որ կարող ենք եզրակացնել, թե արդյոք այդ «դինամիկա» ասվածը մեր ազգային շահերի համատեքստում դրական, թե բացասական երևույթ է: Հայտնի է, որ ադրբեջանական կողմը հակամարտությունը դիտարկում է բացառապես իր երկրի տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնման համատեքստում: Այսինքն, ըստ պաշտոնական Բաքվի, ողջ Արցախը պետք է անցնի ադրբեջանական լիակատար վերահսկողության տակ: Եթե այս համատեքստում է խոսվում դինամիկայի առկայության մասին, ապա այն, ինչ խոսք, հայկական շահերի հետ որևէ աղերս չունի:

Եվ, ընդհակառակը, եթե Մադրիդյան սկզբունքները, Կազանյան փաստաթուղթը կամ այսպես կոչված Լավրովի պլանը մեջտեղից հանելու հետ է կապված այդ դինամիկան, ապա կարող ենք ենթադրել, որ Հայաստանի ագրեսոր լինելու վերաբերյալ առ այսօր շրջանառվող թեզը ևս կարող է գործածությունից հանվել, ինչը դրական շարժ կհամարեմ: Բայց այս ամենը զուտ ենթադրություններ են, որոնք հստակություն ձեռք կբերեն միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Երևանը կներկայացնի Արցախի տարածքային ամբողջականության անվերապահ պաշտպանության իր հիմնավորումները: Լավ է, որ ասվում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», բայց, քանի դեռ չի ասվել, թե տարածքային և իրավաքաղաքական առումով կոնկրետ որ վարչատարածքային միավորի մասին է խոսքը՝ ԼՂԻՄ-ի՞, Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանն իր կազմի մեջ ներառած ու ԼՂՀ վերանվանված ԼՂԻՄ-ի՞, թե պատերազմի ընթացքում ընդլայնվելու շնորհիվ 12,000 քառակուսի կիլոմետր սահմանադրական տարածքով Արցախի Հանրապետության մասին: Ասածս այն է, որ այս պահին եթե ընդունենք էլ, որ դինամիկա կա, այդուհանդերձ որևէ իրական երաշխիք չունենք, որ այն մեր շահերի համատեքստում իրապես դրական է: Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշումների նույնականության կամ տարբերությունների մասին էլ, թերևս, ավելի ճիշտ կլինի խոսել Արցախում կայանալիք համապետական ընտրություններից հետո, քանի որ հեռացող Բակո Սահակյանի  վարչակազմի հետ կարգավորման հարցում ունեցած տեսակետների նույնականությունը կարող է նաև որպես դինամիկայի բացակայության նշան ընկալվել: Այս անցումային փուլում լավ կլիներ, որ մեր պաշտոնատարները մշտապես հրապարակավ հստակ խոսեն գոնե այն մասին, որ հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճի դրսևորում չէ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել