Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 5-ին մեկնարկել է Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսը: Բացմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման արարողությանը հաջորդել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային պատվիրակությունների անդամների շրջայցը ազգային տաղավարներով:

Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է գործարար տաղավարով, որտեղ ցուցադրված են հայկական արտադրության խմիչքներ, մասնավորապես, կոնյակ և գինի: Արարատի կոնյակի գործարանին և Գինեգործության և խաղողագործության հիմնադրամին հատկացված է առանձին տաղավար, որում հիմնադրամը ներկայացնում է հայկական գինեգործական 15 ընկերությունների արտադրանքը:

Ցուցահանդեսի հիմնական 5 և հավելյալ 10 օրերի ընթացքում Հայաստանի ազգային տաղավարում կներկայացվեն հայկական մշակույթը, զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները, կկազմակերպվի հայկական ընկերությունների արտադրատեսակների, մասնավորապես, խմիչքի, շոկոլադի և չրերի համտես: Հայկական տաղավարում կցուցադրվեն նաև Հայաստանի մշակույթը և տնտեսությունը ներկայացնող տեղեկատվական գրքույկներ, թերթիկներ և տեսահոլովակներ։

«Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Բացումը և նորարարությունը՝ "Win-Win" համագործակցության համար» համաժողովը, որին զուգահեռ կընթանան հետևյալ պանելային քննարկումները.

«Բացումը, կարգավորումը և գործարար միջավայրը. կառավարությունների դերը և բազմազգային կորպորացիաների հեռանկարները»,
«Արհեստական բանականություն և նորարարական զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ»,
«ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) բարեփոխում և ազատ առևտրի համաձայնագիր. հնարավորություններ և հեռանկարներ»,
Էլեկտրոնային առևտուրը թվային դարաշրջանում. նոր հարթակ և նոր տեսլական»»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել