Hraparak.am-ը գրում է.

«Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր։ Կարեւորն այն է, որ չարորակ բջիջներ չհայտնաբերեցին ուռուցքի մեջ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ խոսելով հոր առողջական խնդիրների մասին։

Նա նշեց, որ առողջական վիճակը լավ է։
Անդրադառնալով գործին՝ նա նշեց, որ բիրտ ճնշումներ են գործադրվում դատարանների վրա․ «Ակնհայտ, մարդն արհամարհեց Սահմանադրական դատարանի որոշումը»։
Մեր հարցին՝ ինքն որւեէ դերակատարություն ունի՞ մարզերում տեղի ունեցող ակցիաներին ի աջակցություն Ռ․Քոչարյանի, այդ թվում՝ մասնակցելո՞ւ է Վիտալի Բալասանյանի կողմից կազմակերպված ակցիային, պատասխանեց․ «Շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ Վիտալի Բալասանյանին նման բան նախաձեռնելու համար Արցախում, իսկ ինչ վերաբերում է մնացածին, ապա ես մամուլով եմ հետեւում։ Չեմ մտածել՝ գնալ, մասնակցել։ Խնդիր կա մարզերում իրազեկել մարդկանց, թե ինչ է այստեղ կատարվում, ինչպես գիտեք տասը տարի շարունակ սուտ, զրպարտանքներ են տեղացել մեր ընտանիքի հասցեին։ Էդ ամեն ինչի մեջ, նույնիսկ չորս միլիարդ առասպելական ունեցվածքի հետ կապված կար ցուցակ, թե ինչեր են մեզ պատկանում, որն իրականությունից կտրված է։ Իմ մոտ հռետորական հարց է առաջանում՝ ո՞վ պիտի պատասխան տա էդ ամեն ինչի համար, որ մեր ընտանիքի հանդեպ հյուսվել է, ստի, կեղծիքի համար»։

Մեր մյուս հարցին՝ կարո՞ղ է ասել, թե ինչքան ունեցվածք ունեն, փակելու համար այդ չորս միլիարդի խոսակցությունը, Լեւոն Քոչարյանը պատասխանեց․ «Մենք ոչ մի բան չենք պահում, այն, ինչ կա գրանցված է։ Հիմա այդ անկեղծությունը չկա, չենք տեսնում մեր գործերով, որ կա խնդիր ինչ-որ բան բացահայտելու։ Կա նշանակված մեղավոր, ամեն ինչ անում են՝ վարկաբեկելու համար։ Եթե բանը հասնի դրան, մենք պատրաստ ենք, բայց ես չեմ բացառում, որ կմոգոնեն նոր քրեական գործեր։ Դրա համար ես նպատակահարմար չեմ գտնում։ Ես թիվ չեմ կարող նշել, ինքս էլ թիվ չգիտեմ։ Այն, ինչ կա, մենք ձեռք ենք բերել օրինական ճանապարհով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել