Սիցիլիական Կամարատա քաղաքի իշխանությունները այստեղ բնակություն հաստատել ցանկացողներին անվճար տներ են առաջարկում։

Իր հարազատ քաղաքը ամայացումից փրկելու համար քաղաքապետ Վինչենցո Ջամբրոնեն վերջին երեք տարիներին իրենց տները լքած սեփականատերերին համոզում է դրանք անվճար փոխանցել նորաբնակներին։

«Ես չեմ կարող տեսնել, թե ինչպես է այս հրաշալի հին պատմական կենտրոնը դատարկվում եւ վերածվում ավերակների։ Ես ցավ եմ ապրում»,- CNN Travel-ին հայտնել է Ջամբրոնեն։

Նրա խոսքերով՝ ներկայումս հասանելի են մոտ տասնյակ դատարկ տներ, սակայն շուտով նորերը կհայտնվեն։

Հասկանալի է, որ «անվճար» տների համար որոշակի պայմաններ կան։ Գնորդները պետք է իրենց վրա վերցնեն երեք տարում ունեցվածքի վերանորոգման պարտավորությունը եւ 5000 եվրո գրավ դնեն, որը կվերադարձվի վերանորոգումից հետո։ Նրանք նաեւ պետք է անշարժ գույքի վերասարքավորման մասին հստակ առաջարկություն ներկայացնեն։

Թեեւ կդիտարկվեն չափանիշներին համապատասխանող բոլոր պոտենցիալ գնորդները, երեխաներ ունեցող երիտասարդ զույգերն առավելություն կունենան, իսկ այն զույգերը, որոնք կորոշեն տեղափոխվել այնտեղ եւ երեխա ունենալ, նույնիսկ 1000 եվրոյի չափով բոնուս կստանան։ Նոր սեփականատերերը բազմահարկ շենքերը կարող են վերածել սեփական տան, B&B-ի, հյուրանոցի, խանութի կամ նույնիսկ ռեստորանի։

Ջամբրոնեի գլխավոր մտահոգությունն այն է, որ քաղաքը «կենդանանա»։

Կամարատան ավանդույթների պահպանման համար պայքարող իտալական գյուղերի էլիտար խմբի մաս է։ Տեղակայված լինելով Պալերմոյից 60 կմ հարավ-արեւելք՝ քաղաքը մի ժամանակ եղել է «աշխույժ վայր», ասում է Ջամբրոնեն։ Սակայն պատմական քաղաքը տարիների ընթացքում կորցրել է բնակչության մեծ մասը, եւ շատ տներ այսօր լքված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել