Pastinfo.am-ը գրում է.

Քաղաքագետներ Ստեփան Դանիելյանն ու Սուրեն Սարգսյանը նորմալ են համարում, որ հայկական իշխանությունները Երևանում տեղի ունեցող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ չեն խոսել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման կամ սահմանային կրակոցների մասին։

Թե՛ Դանիելյանը, թե՛ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նման հարցերը քննարկվում են փակ հանդիպումների ժամանակ։
«Այդ հարցերը նման տեղերում չեն բարձրացնում, դրանք ավելի հաճախ փակ քննարկումների ժամանակ են բարձրացվում։ Սակայն որքանով մեզ հայտնի է, բաց հանդիպումների ժամանակ Տավուշի ուղղությամբ կրակոցներն ու այլ հարցեր, նաև Ադրբեջանի՝ որպես դիտորդ հնարավոր ներգրավվածության հարցը նույնպես չի քննարկվել»,-ասաց Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով, պետք է հասկանալ ՀԱՊԿ-ի մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ և բարձրաձայնել սահմանային իրավիճակի հետ կապված խնդիրները։

«Պետք է անընդհատ քննարկումներ ունենալ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ։ Սահմանային իրավիճակի հետ կապված չափազանց լարվածություն չկա, չնայած կորուստ ունենք և սա պետք է քննարկման առարկա դառնա նաև այս միջոցառման ժամանակ»,-ասաց քաղաքագետն ու վստահություն հայտնեց, որ փակ հանդիպումների ժամանակ թե՛ նախկին և թե՛ ներկայիս իշխանություններն իրենց մտահոգությունները հայտնել են։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ նշեց, որ այս հարցերը փակ հանդիպման ժամանակ առաջին հերթին քննարկվում են Ռուսաստանի, ապա՝ Բելառուսի հետ։

«Գիտենք, որ այդ հարցերը բազմիցս քննարկվել են, հիմա ՀԱՊԿ-ի ընդհանուր հավաքի ժամանակ այդ հարցերի քննարկումն ինչ իմաստ ունի՝ չգիտեմ։ Հատկապես, երբ այնտեղ է Ղազախստանը, որը միշտ Ադրբեջանի շահերն է ներկայացրել»,-ասաց Դանիելյանը։

Քաղաքագետը նշեց՝ չի կարծում, որ եթե հայկական կողմը կրակոցների հետ կապված անհանգստություն հայտնի ՀԱՊԿ-ին՝ դա ինչ-որ ազդեցություն կունենա։
Դանիելյանի խոսքով, ՀԱՊԿ-ը միտված է պայմանական արտաքին սահմանների, այսինքն` նախկին խորհրդային միության սահմանների պաշտպանությանը, որը հայ-թուրքական սահմանն է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ երկիմաստ իրավիճակ է, հատկապես, երբ կա Արցախի խնդիրը, Արցախը պաշտոնապես անկախ երկիր կամ Հայաստանի մաս չի ճանաչվում, այստեղ իրավական առումով մեծ հարցականներ կան և նման ձևաչափերում այս հարցերը լուծել հնարավոր չէ»։

Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, թե ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցը բարձրաձայնվում է, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվում, Դանիելյանը պատասխանեց. «Խնդիրը որևէ լուծում չունի, որովհետև զենքի առևտուրը ոչ միայն ֆինանսական նշանակություն ունի, այլև ռազմաքաղաքական ազդեցության նշանակություն, եթե Ադրբեջանը ռուսական զենք է ձեռք բերում, ապա որոշակի կախվածություն է ունենում և՛ զենքի օգտագործման, և՛ մասնագետների պատրաստման, և՛ զինմասերի ներմուծման հետ կապված, այսինքն` եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և Հայաստանին, ապա երկուսն էլ կախվածության մեջ են ընկնում։ Նաև գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ զենք վաճառող երկիրը նաև այդ զենքը վերացնում է, օրինակի համար գիտենք, որ Վրաստանի կողմից ձեռք բերված իսրայելական թռչող սարքերը ռուս-վրացական պատերազմի ժամանակ չեն աշխատել։

Ունենք նաև դեպքեր, երբ ինքնաթիռը օդ չի բարձրացել։ Այսինքն` զենք վաճառող երկիրը շատ մեծ ազդեցություն է ձեռք բերում։ Սա Ռուսաստանի ազդեցության տարածքն է, որն ընդունվում է ԱՄՆ-ի կողմից, Եվրոպական երկրների կողմից ,և Ռուսաստանը զենք վաճառելով իր քաղաքականությունն է վարում, ազդեցության ոլորտն է պահում, լավ է թե վատ դա այլ թեմա է, բայց այդպես շարունակելու է անել»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ անիմաստ է Ռուսաստանից պահանջել, որ Ադրբեջանին զենք չվաճառի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել