Pastinfo.am-ը գրում է.

Շատ հանգամանալից ծանոթ չեմ, թե ինչպես էր դասավանդվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան և այս մասով դեռ պետք է ուսումնասիրեմ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ուսումնական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերմանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ «Զրույց քաղաքացու հետ» խորագրի շրջանակում նույնպես անդրադարձել էր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերմանը՝ նշելով, որ դա միայն դրական եզրակացություն կունենա աշակերտների վրա։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան նույնպես այստեղ որևէ կրիմինալ բան չի տեսնում, եթե ընդհանուր լինելու է կրոնի պատմություն և հայոց եկեղեցու պատմությունն էլ ներառվելու է այնտեղ. «Այս պահին ամբողջական տեղեկություն չունեմ, բայց եթե շատ ավելի լայն է դասավանդվելու ընդհանուր կրոնի, համաշխարհային կրոնի պատմություն, այսինքն աշակերտները շատ ավելի համապարփակ տեղեկատվություն են ունենալու կրոնական կոնսեսիաների, համոզմունքների մասին։ Այստեղ որևէ դատապարտելի բան չեմ տեսնում»,-նշեց պատգամավորը։

Հարցին՝ կո՞ղմ է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ինտեգրվի «Հայոց պատմություն» առարկայի մեջ, պատգամավորն արձագանքեց. «Դա էլ է շատ նորմալ, գրագետ տարբերակ։ Ընդհանրապես կարծում եմ՝ ամեն գործով պետք է զբաղվի տվյալ գործի պրոֆեսիոնալը։ Կարծում եմ՝ մենք ունենք հրաշալի մասնագետներ թե՛ հայոց եկեղեցու պատմության, թե՛ հայոց պատմության և իրենք կարող են հուշել ճիշտ նպատակահարմարությունը»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել