Պուշկինի հայտնի նկարներից մեկում ակնհայտ է, որ գրողը ժամանակին երկար եղունգներ է ունեցել ու իր երկար եղունգներին բավականին մեծ ուշադրություն է դարձրել. սա արդեն ասում են ոչ թե նկարները, այլ ժամանակակիցները, ովքեր նշում են Պուշկինի՝ երկար եղունգներ ունենալու մի քանի պատճառ։ 

Նախ՝ նշենք, որ 19-րդ դարում տղամարդկանց խնամվածության ամենակարևոր պայմանը նաև եղունգներն էին։ Տղամարդիկ փորձում էին երկարացնել եղունգները, որպեսզի ավելի տպավորիչ տեսք ունենային, ու սա համարվում էր օրինաչափություն։ Բոլոր նրանք, ովքեր իրենց համարում էին արիստոկրատ, պետք է տարբերվեին աղքատներից երկար ու խնամված եղունգներով։ Սա վերաբերում էր և՛ կանանց, և՛ տղամարդկանց։ 

Բացառություն չէր նաև Պուշկինը։ Նա իր արտաքինի առումով կենտրոնանում էր երկու բաղադրիչների վրա՝ մազերի ու եղունգների։ Պուշկինի ժամանակակիցները նրա մասին խոսելիս չափազանց շատ են անդրադարձել նրա երկար եղունգներին, որոնք, ըստ ժամանակակիցների, եղել են տարօրինակ երկար, բայց միևնույն ժամանակ՝ խնամված։ 

Նշվում է, որ գրողը հատկապես ուշադրություն է դարձրել իր ճկույթի եղունգին, որը եղել է ամենաերկարը։ Ճկույթի երկար եղունգն արիստոկրատիայի նշան էր։ Պուշկինն այնքան էր վախենում, որ եղունգը կվնասի, որ հաճախ քնելուց առաջ հատուկ կտորով այն փաթաթում էր, որպեսզի իր ջանքով երկարացված եղունգը ապահով լինի։ 

Ժամանակակիցները նշում են նաև, որ Պուշկինն ուներ հատուկ կոսմետիկ տուփ, որտեղ պահում էր իր մազերի ու եղունգների խնամքի համար նախատեսված բոլոր բաղադրիչները։ Այս տուփում առկա կոսմետիկ միջոցները նա ժամանակ առ ժամանակ կիրառում էր ու անում ամեն ինչ, որ իր արտաքինը ոչնչով չզիջի մյուս արիստոկրատ տղամարդկանց արտաքինին։ 

Սակայն, որքան էլ որ ցավալի թվա, մնացած ժամանակակիցների համեմատ Պուշկինը երբեք էլ չի համարվել գեղեցիկ ու գրավիչ տղամարդ։ Նրա կողքին շատ տղամարդիկ ավելի գրավիչ էին թվում կանանց, ինչը Պուշկինին երբեմն հունից հանում էր։ 

Չնայած դրան՝ բոլորն էին ընդունում, որ իր արտաքինի համեմատ գրողը միշտ էլ խնամված ու կոկիկ տեսք ուներ, ու հատկապես եղունգների առումով նրա հետ մրցելը չափազանց դժվար էր։ Այսինքն, որքան էլ որ պատասխանը հասարակ թվա, Պուշկինի՝ երկար եղունգներ ունենալն ուներ ընդամենը մեկ բացատրություն. գրողը դա համարում էր գեղեցիկ ու գրավիչ ու դրանով ընդգծում իր արիստոկրատական ծագումը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել