Hraparak.am-ը գրում է.

Արցախյան կարգավորման հարցով շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում, եւ մեր դիվանագիտական ծառայությունն ու ԱԳ նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում։ Այսպես պատասխանեց երեկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր հարցին՝ կապված արցախյան հարցի կարգավորման մեջ տեղաշարժ, առաջընթաց չնկատվելու եւ վերելակային բանակցությունների հետ։ Փորձեցինք ավելին հասկանալ՝ ո՞ւր ենք հասել, ի՞նչ հետաքրքիր գործընթացի մասին է խոսքը։ Նախարարը բանակցային գործընթացի մասով տվեց հիմնականում դիվանագիտական պատասխաններ՝ գրեթե ԱԳ նախարարի նման, իսկ երբ հասանք տարածքներ զիջելուն, ցույց տվեց ռազմական գործչի անզիջողականություն, որը կարծես թե այդքան էլ չի տեղավորվում քաղաքական ու դիվանագիտական բանակցողների մտայնությունների կամ շրջանառվող խոսակցությունների, էլ չենք ասում՝ նույն Փաշինյանի եւ նրա նախկին կամ ներկա թիմակից Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի, պատկերացումների շրջանակում։

- Պարոն Տոնոյան, խնդրում եմ մանրամասնեք՝ ո՞ւր ենք հասել, ի՞նչ հետաքրքիր գործընթացի մեջ ենք գտնվում։

- Չէ, չեմ կարող ես հիմա, որովհետեւ դա փակ գործընթաց է, ճիշտ չի լինի ես որեւիցե մի բան հիմա․.․

- Բայց վարչապետը բավականին բաց է արտահայտվում այդ մասով։

- Վարչապետը բաց է արտահայտվում, արտաքին քաղաքականություն վարելը վարչապետի բացարձակ լիազորությունն է, ես չեմ կարող․․․

- Իսկ այդ գործընթացն ավելի շատ պաշտպանությա՞ն նախարարների մակարդակով ընթացող շփումներում է հետաքրքիր դարձել, ԱԳ նախարարների՞, թե՞ երկու երկրների ղեկավարների։

- Տեսեք, երբ որ ես ասում եմ՝ հետաքրքիր լուծումներ են առաջարկվում, խոսքն այն մասին է, որ բանակցային գործընթացի ընթացքում լարվածության նվազումն արդեն մեզ համար շատ մեծ ձեռքբերում է։

- Բայց հեղափոխությունից, նոր իշխանություններից մարդիկ ակնկալում էին նաեւ արցախյան հիմնահարցի լուծում, թեպետ հասկանալի է, որ սա մեկ օրվա հարց չէ։

- Բայց դա Դուք պատկերացնում եք, որ մեկ տարվա մեջ հնարավո՞ր է որեւիցե հարցի լուծում։

- Բայց մենք ռեալ տեղաշարժ չենք տեսնում դեռեւս։

- Դրա համար էլ մենք առաջնագծում ենք, դրա համար մենք մեր անվտանգության ապահովման խնդիրները շարունակում ենք կատարել։

- Այն փաստաթղթերը, որոնք ինչ-որ ժամանակ, ենթադրաբար, դրվել կամ պիտի դրվեին սեղանին՝ Մադրիդյան, Կազանյան փաստաթղթերը, դրանք կարո՞ղ են նորից բանակցային օրակարգ վերադառնալ։

- Ես տեղյակ չեմ, ինչքանով որ Դուք եք տեղյակ հրապարակումներից, այնքան էլ ես եմ տեղյակ։

- Իսկ այս պահին կա՞ որեւէ փաստաթուղթ, որի շուրջ քննարկումներ կան կամ որի շուրջ հնարավոր է ընդհանուր եզր գտնել։

-Չէ, ես տեղյակ չեմ, ամեն դեպքում։

- Պարբերաբար խոսվում է զիջումների, տարածքներ զիջելու մասին, Դուք՝ որպես պաշտպանության նախարար, ինչի՞ն եք հակված։

- Ես ցանկացած զիջման բացասական եմ վերաբերվում, ցանկացած զիջման։

- Բայց լուծումը, ըստ էության, փոխզիջումային պետք է լինի, Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում։

- Փոխզիջումայինի պարագայում մենք կմնանք մեր բարձունքի վրա, այսինքն՝ մենք հնարավորինս կաջակցենք, որ քաղաքական որոշումը լինի մեր՝ անվտանգության ապահովման առումով լավագույն ձեւաչափը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել