Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այսօր նախատեսված է ԱԺ` Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Ըստ մեր տեղեկությունների` պետք է նախ եւ առաջ որոշվի, թե ով է լինելու հանձնաժողովի փոխնախագահը, քանի որ հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հանձնաժողովի նախագահի տեղակալ պետք է նշանակվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե հանձնաժողովը ղեկավարում է ընդդիմության ներկայացուցիչը, ապա նրա տեղակալը պետք է լինի իշխանությունից:

Մեր տեղեկությունների համաձայն` որոշում կա հանձնաժողովի աշխատանքը բաժանել 3 հատվածի. երեք պատգամավորներ պետք է ուսումնասիրեն Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության հարցը, երեքը կուսումնասիրեն Թեղուտի հարցը, իսկ օրենսդրի երեք ներկայացուցիչ էլ կուսումնասիրեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքի շահագործման մանրամասները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր եւ քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը լծվել է հանձնաժողովի աշխատանքներին ու ամեն ինչ անում է, որպեսզի առաջիկայում հստակ արդյունք ներկայացնեն հանրությանը: Նշենք նաեւ, որ քննիչ հանձնաժողովը իր աշխատանքները պետք է իրականացնի 6 ամսվա ընթացում, բայց եթե չկարողանան հասցնել ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը, ապա անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ 6 ամիս եւս աշխատել: Թե առաջիկայում ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել