«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ-ում փակ հանդիպում էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Հանդիպման հյուրերն են եղել ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը և այլք։

Այդ հանդիպման ընթացքում պատգամավորների հետ քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման բաղադրիչներն ու կետերը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ փակ հանդիպումից առաջ մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել կառավարությունում, որը, սակայն, ոչ մի կերպ չի հանրայնացվել։

Նշված հանդիպմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության ախատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀՀ-ում արևմտյան դրամաշնորհներով գործող որոշ ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանները։

Հիմնական քննարկման թեման կապված է եղել կոնվենցիան հանրային դիսկուրսում ճիշտ թեզերով ներկայացնելու ռիսկերի ու առանցքային կետերի հետ։ Հավելենք, որ 2017-ին Հայաստանը «Ստամբուլյան կոնվենցիան» ստորագրել է, բայց չի վավերացրել, ինչպես բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել