Pastinfo.am-ը գրում է․

«Արդեն ուղղակի ակնհայտ է, անթաքույց է, որ շատ լուրջ ձեւով մեր ազգային ինքնությանը վնաս հասցնելու, ես կասեի՝ հոգեբանական ինքնաոչնչացման շատ լուրջ պրոցեսներ են տեղի ունենում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման շուրջ բարձրացած աղմուկին։

Հոգեբանն առաջարկում է երեւույթները եւ մասնավորապես, նաեւ այդ ներկայացումը դիտարկել համակարգային ձեւով ։ Նրա խոսքով, եթե փորձենք առանձնացնել եւ դիտարկել միայն այդ ներկայացման փաստը, ամբողջական պատկերացում չենք կարող կազմել այն երեւույթների վերաբերյալ, որոնց ականատեսն ենք լինում այսօր։

«Ամեն օր մենք լսում ենք մեր օրվա իշխանությունների կողմից հայոց լեզվի, գրականության, պատմության, ռազմագիտության, եկեղեցու դեմ ուղղված հայտարարություններ, իսկ դրանք ինքնության սյուներ են ։ Մենք լսում ենք, թե ինչպես ամեն օր հարված է հասցվում հենց այդ սյուներին։ Գիտեք, տաճարը կանգուն չի մնա, եթե վնսվում են սյուները։ Ընդ որում, տպավորություն է, որ ներսից կացինն առած այդ սյուները քանդելով են զբաղված։ Եվ դա մատուցվում է այն սոուսով, որ հերիք է մենք հետամնաց լինենք, եկեք առաջադեմ լինենք, այն, ինչ դուք պաշտպանում եք՝ ավանդույթ, հայրենիք , եկեղեցի եւ այլն, հին բաներ են, դուք շատ հետամնաց եք, մենք եկել ենք , մեզ մի հատ էլ շնորհակալություն հայտնեք»,-ասում է հոգեբանը։

Ըստ Կարինե Նալչաջյանի, խոսքի ոճը, որով իշխանական լծակներ ունեցող տղաներն ու աղջիկները դիմում են մեզ, նոր չէ. «Տարիներ շարունակ պայքարել ենք մշակութային անվան տակ մատուցվող աղբի դեմ, օրինակ, հեռուստատեսային աղբի, որը ամեն օր մեր տներն էր լցվում։ Երբ տեղի են ունենում ազգային ինքնությունները ոչնչացնող պրոցեսներ, դրանց նախապատրաստական աշխատանքների մեջ մեծ տեղ է գրավում այսպես կոչված արտ նախապատրաստումը, այսինքն, նախապատրաստումը արվեստով։ Ես դա ուսումնասիրել եմ քաղաքական հոգեբանության շրջանակում։ Հիմա բացված են բոլոր ֆիլտրերը եւ այս հեղեղը այնպես շռնդալից է մուտք գործել մեր կյանք, որ չենք հասցնում ուշքի գալ »։

Կարինե Նալչաջյանի խոսքով այս ամենը պոստմոդեռնիզմի դրսեւորումներից մեկն է, որը, ըստ հոգեբանի, քայքայված արվեստն է. «Այն, ինչ մենք տեսնում ենք, հենց թեկուզ երեկվա այդ ներկայացումը, դա այդ պոստմոդեռնիստական, ֆուտուրիստական երանգներով աղբի դրսեւորումն է, որի հիմքում ընկած է գաղափարախոսությունը, որ այն ամենը, ինչ մինչեւ այսօր գոյություն է ունեցել, ոչինչ է։ Այս ամենին մենք պետք է նայենք մեր ինքնությունը քանդելու կոնտեքստում։ Մեզանում ձեւավորվում է կառավարելի քաոսը։ Երեկ ինչ կատարվում էր, քաոս էր, որովհետեւ մարդիկ, որ նայում էին, չէին դիմանում, մարդկանց մոտ արդեն ինքնապաշտպանական ներքին մղումներն էին արթնանում, մարդիկ հասկանում էին, որ մեր ինքնությունը ոչնչացնելու քայլեր են արվում։ Այդ քաոսն էր երեկ եւ այդ նույն աղջնակները, որոնք իրենց վրա այդ դերը վերցրել էին եւ ոգեւորությամբ տանում էին, իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչի մեջ են ներգրավված, իրենք էլ զոհեր են եւ զոհ ենք բոլորս՝ էնտեղ գտնվողները, չգտնվողները»,-համոզված է Կարինե Նալչաջյանը։

Ըստ հոգեբանի, ուլտրալիբերալիստական այս մոտեցումների տրամաբանությամբ, մեր ինքնությունը, արժեքները, հայրենիքը, ազգ, լեզուն թշնամիներ են։ «Հայաստանը գոնե իմ գիտակցական կյանքի ընթացքում այսպիսի վիճակում չեմ տեսել, շատ ցավալի է»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մետրոյի՝ Հանրապետության Հրապարակ կայարանի տարածքում տեղի է ունեցել «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը, որը առաջացրել է հանրային լայն շրջանակների քննադատությունը։ Ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2,7 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրել կազմակերպիչներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել