Pastinfo.am-ը գրում է.

Վարչապետը մի քանի անգամ շեշտեց, որ Ստեփանակերտի և Երևանի պաշտոնական մոտեցումներն Արցախի հարցում նույնական են։ Դա տրամաբանական հարց է առաջացնում՝ այդ դեպքում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն ինչպե՞ս է հնարավոր դառնալու, ինչպե՞ս է դա բացատրվելու գործընթացի այլ մասնակիցներին՝ Ադրբեջանին և Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված լայվին։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Նա նաև ընդգծեց, որ եթե բանակցային գործընթացում լինի այնպիսի լուծում, որը կարող է ընդունելի համարել հայ ժողովրդի համար, առաջարկը կներկայացնի ժողովրդին, որի շուրջ համազգային քննարկում կունենանք։

Ադրբեջանագետը նկատեց, որ եթե չկա Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշման կամ մոտեցումների որևէ տարբերություն, ապա և՛ գործընթացի մոդերատորները, և՛ հակառակորդ կողմը շարունակելու են պնդել՝ Երևանը կարող է ներկայացնել Ստեփանակերտը բանակցությունների մեջ և այդ գործընթացում երրորդ կողմի ներգրավման կարիք չկա. «Մի փոքր հասկանալի չէ, թե ինչպես է ստացվելու դա իրականացնել, եթե վարչապետը մի քանի անգամ շեշտում է, որ մենք նույն դիրքորոշումն ունենք։ Հետևաբար` դրսի համար դժվար է լինելու դա բացատրել»,-ընդգծեց ադրբեջանագետը։

Ինչ վերաբերում է հարցի լուծման տարբերակ ունենալ-չունենալուն, և հանրությանը ներկայացնելուն, Էլիբեգովան նշում է՝ հասկանալի է, որ լուծում չկա, բայց հայկական կողմը պետք է առնվազն ինչ-որ առաջարկներ, ինչ-որ դիրքորոշում ունենա. «Հիշատակվում է, որ լուծումը պետք է բավարարի երեք կողմերին և շեշտադրվում է Հայաստանի ժողովուրդ, Ղարաբաղի ժողովուրդ։ Այդ նախադասությունն ամեն անգամ հարցեր է առաջացնում, թե ինչ տարբեր ժողովուրդների մասին է խոսքը։ Կա մի ժողովուրդ՝ հայ ժողովուրդը և Հայաստանի ու Արցախի բնակչություն։ Այսինքն տերմինաբանությունն այստեղ նույնպես շատ կարևոր է»,-հավելեց Էլիբեգովան։

Նրա կարծիքով մինչ օրս խուսափողական մոտեցում կա։ Ներկայացվում է ընդհանուր թեզ, որ երեք կողմերի համար պետք է շահավետ տարբերակ լինի, բայց թե որոնք են հայկական կողմի պատկերացմամբ այդ տարբերակները, ադրբեջանագետի խոսքով չենք տեսնում. «Որքանով հասկանում եմ դիրքորոշում ներկայացված չէ, որովհետև 40 րոպե վարչապետը խոսեց տարբեր բամբասանքներից, դավադրության տարբեր թեորեմների մասին և զրո ինֆորմացիա բանակցային գործընթացում մեր անելիքների մասին»,-նկատեց ադրբեջանագետը։

Վերջինս պնդում է՝ վարչապետի հայտարարած թեզերը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Երեք կողմերին ձեռնտու տարբերակ», «Երևանի ու Ստեփանակերտի նույնական մոտեցումներ», դրանք միմյանց հակասում են, հաճախակի հակասության մեջ են մտնում նաև բանակցային գործընթացի տրամաբանության հետ և որևէ բացատրություն չի տրվում ՝ ինչ է դա նշանակում և ինչ է վարչապետն ուզում ասել դրանով։

«Վարչապետի քաղաքական թիմի տարբեր ներկայացուցիչներ չեն կարողանում բացատրել՝ ինչպես են դա տեսնում կամ սահմանափակվում են նրանով, որ վարչապետն ինչպես ասի այդպես է, բայց թե ինչ է ասում վարչապետը, ինչ պարունակություն կա դրա տակ, մեզ չեն բացատրում։ Եթե լինի պաշտոնական հստակ դիրքորոշում իր բացատրությամբ և՛ մեր հանրությանը, և՛ միջազգային հանրությանը, և՛ ադրբեջանական հանրությանը, որովհետև 3 տարբեր աուդիտորիաներ են, որոնք տարբեր մեսիջներ պետք է ստանան»,-ընդգծեց Անժելա Էլիբեգովան՝ հավելելով, որ այն, ինչ մատուցվում է մեր ներքին լսարանի համար, ադրբեջանական հասարակությունում ընկալվում է որպես ագրեսիվ, բացասական ու ռազմատենչ հռետորաբանություն. «Հետևաբար այդ մարդկանց պետք է բացատրել, որ դա այդպես չէ, իսկ ինչպես բացատրել, դա արդեն իշխող թիմի խնդիրն է»,-հավելեց ադրբեջանագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել