Armlur.am-ը գրում է.

Հայաստանում առաջիկայում բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը կհստակեցվի: Համենայնդեպս, դա է խոստանում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Պարզվում է, որ նշված նախարարությունը նախագիծ է քննարկման դրել, որով առաջարկում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչեւ 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծով առաջարկվում է նաեւ հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, անձի հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը, որի ընթացքում դիմելու դեպքում անձը կիրացնի ոչ միայն կարգավիճակ ստանալու իր իրավունքը, այլեւ նշված ժամանակահատվածում կենսաթոշակ նշանակող մարմիններին դիմելիս կիրացնի նաեւ կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը:

Այսինքն` նախագծով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը: Օրինակ` եթե որեւէ անձ 7 տարվա դիտման պայմաններում ունեցել է հաշմանդամություն, այսինքն` առկա է եղել օրգանիզմի որեւէ ֆունկցիայի կայուն խանգարում, հետեւաբար նաեւ կենսագործունեության սահմանափակումներ, ապա հավանականությունը շատ փոքր է, որ դա կարող է վերանալ 8-րդ, 9-րդ կամ հետագա տարիներին:

Սոցապ նախարարությունը մտադիր է ավելացվել է նաեւ նոր դրույթ` մինչեւ 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու կարգի վերաբերյալ:

Այսինքն` մինչեւ 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով տարածքային ԲՍՓ հանձնաժողով է դիմում ծնողներից մեկը կամ խնամակալը, իսկ բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ նշվում են դիմում ներկայացրած անձի անձնական տվյալները, ով էլ իրավունք է ձեռք բերում ստանալու հաշմանդամություն ունեցող երեխայի հաշմանդամության նպաստը: Սակայն ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում քաղվածքի մեջ ներկայացուցչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու դրույթ սահմանված չլինելու պատճառով շատ դեպքերում խնդիրներ են առաջանում անվանափոխություն իրականացնելու հարցում, ինչի հետեւանքով երեխայի նոր ներկայացուցչի կողմից հաշմանդամության նպաստը ստանալու խնդիր է առաջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել