Դելիի գլխավոր նախարար Արվիդ Քեյրիվալը հայտարարել է, որ Հնդկաստանի հյուսիսում օդի աղտոտվածությունը հասել է անտանելի մակարդակի, հայտնում է BBC-ն:

Ներկայումս Հնդկաստանի հյուսիսում օդի աղտոտման բարձր մակարդակ է գրանցվել հարևան նահանգների ֆերմերների կողմից բերքահավաքից հետո թափոնների այրման պատճառով: Ամեն ինչ ավելի է բարդացել «Դիվալիի» փառատոնին կազմակերպված հրավառությունների հետևանքով: Բացի այդ, խիտ սմոգի առաջացմանը նպաստում են նաև տրանսպորտի, շինարարության և արդյունաբերական արտանետումները:

Նոյեմբերի 3-ին Դելիի շատ շրջաններում օդի որակը վատթարացել է հասնելով «ծանր» կատեգորիայի, ինչը կարող է հանգեցնել շնչառական հիվանդությունների:

Իշխանությունները հորդորել են մարդկանց փողոց դուրս չգալ՝ պաշտպանվելու համար: Դպրոցները ժամանակավորապես փակվել են, չվերթները չեղյալ են հայտարարվել, դադարեցվել են շինարարական աշխատանքները:

Հնդկաստանի առողջապահության նախարարության խոսնակն ասել է, որ աղտոտվածության մակարդակն «աղետալի է»:

Նոյեմբերի 1-ին հայտարարվել է արտակարգ իրավիճակ, իսկ Քեյրիվալը քաղաքը համեմատել է «գազի խցի» հետ:

Նոյեմբերի 3-ին Դելիի երիտասարդները դուրս եկել բողոքելու իշխանությունների անգործության դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել