Tert.am-ը գրում է.

Կառավարությունը խաղողի այգի հիմնելու համար ավելի քան 4 հա հողատարածք է հատկացրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, այլ ոչ թե Աշոտ Բլեյանին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գնել է կրթահամլիրին պատկանող հողատարածք:

Նա շեշտեց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական կազմակերպություն է, և կրթահամալիրին պատկանող գույքը, այդ թվում՝ հողը, շենքերը, շինությունները պատկանում են ՀՀ կառավարությանը, նրա գույքի կոմիտեին:

«Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի քոլեջ, քոլեջն էլ ունի գինեգործության, խաղողագործության մասնագիտական ուսուցում, քոլեջին նպատակային օգտագործման համար հատկացվել է ավելի քան 4 հա տարածք, խաղողի այգի հիմնելու համար, բայց այդ հողի սեփականատերը ՀՀ կառավարությունն է, սեփականատերը չի փոխվել, և դա չի եղել Բլեյան Աշոտին հատկացում: Բլեյան Աշոտը հաջորդ տարի դառնալու է է 65 տարեկան և ամիսներ հետո կարող է կրթահամալիրի տնօրեն էլ չլինել»,- պարզաբանեց նա:

Բացի այդ, Աշոտ Բլեյանը տեղեկացրեց, որ կրթահամալիրն ունի գինու արտադրամաս և արդեն գինի է արտադրում. «Որ ասում են՝ Բլեյանի դպրոց, միանգամից պատկերացում է ստեղծվում, թե ինչ կա՝ Բլեյանին է պատկանում, սակայն այդպես չէ: Որպես սեփականություն ես հող չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»: 

Հարցին՝ արդեն ձեռք բերե՞լ են տնկիներ և եթե այո, ապա ինչ միջոցներից, նա պատասխանեց, որ հատկացումը մեկ ամիս է արվել: Նա նաև տեղեկացրեց, որ ստացել են հող, որը ժամանակին եղել է խաղողի այգի, բայց քանի որ 30 տարի անտերության է մատնված եղել, կորցրել է իր որակը և բավականին մեծ աշխատանք պետք է տարվի:

«Հիմա մենք տեխնիկա ենք ձեռք բերում, մասնագետ, գյուղատնտես: Պետք է հողը վարվի, որակը լավացվի, մեծաքանակ տնկիներ ձեռք բերվեն, ոռոգման ցանց անցկացվի, որովհետև այդ հողերը չջրվող հողեր են: Այլապես կառավարությունն այդքան հեշտ չէր գնա կրթահամալիրին այդ հատկացմանը: Տեսել են, որ այդ հողը 30 տարի չի օգտագործվում և ահա կա մի աշխատասեր Աշոտ Բլեյան՝ իր կազմակերպությամբ, ասել է՝ ինչ լավ է, ուզում են թող վերցնեն պետության հողը, որակը լավացնեն, եթե կարող են, ջրեն, այգի գցեն, միևնույն է՝ դրանից պետությունը կշահի, չէ՞: Կարծեմ, վատ չի որոշել»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել