News.am-ը գրում է․

Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ ներկայացումը կապ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցը` անդրադառնալով երեկ  Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում տեղի ունեցած աղմկահարույց «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը:

Նշենք, որ Հասմիկ Խաչունցը ներկայացման մասնակիցների թվում էր:

«Սա 1920-ական թվականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցում էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության եւ հանրային տարածքում մարմնի ներկայության մասին: Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ ներկայացումը կապ չունի, եւ շատ կարեւոր է նշել, որ ժամանակակից արվեստ է կատարվում, որն անսովոր է, պետք է մարդկանց ճիշտ բացատրել: Ես բացարձակ նեղացած չեմ մարդկանցից: Միջոցառումը ֆինանսավորված է եղել Կրթության, գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության կողմից, այնպես որ պետական աջակցություն կա եւ այնտեղ հասկացել են` ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Անդրադառնալով որպես քաղաքական գործիչ` ներկայացմանը մասնակցելու համար իրեն ուղղված քննադատություններին, Խաչունցն ասաց, որ պետք է դուրս գալ կոստյումով ու գեր տղամարդ քաղաքական գործիչների մասին պատկերացումներից եւ ինքն իրեն ավելի հասարակական գործիչ է համարում, քան քաղաքական. «Տիպացնելով քաղաքական գործչի կերպարը, մենք հեռանում ենք հեղափոխության արժեքներից, որովհետեւ մենք ենք արել հեղափոխությունը եւ մենք նաեւ պատասխանատու ենք մշակութային հեղափոխության համար: Սա մշակութային հեղափոխության մի մասն է, որը վերհիշում է անցյալը, չի մոռանում ներկան եւ պատասխանատու է ապագայի համար»:

Նա նշեց, որ ընկերական շրջապատում այս ներկայացման վերաբերյալ քննարկում եղել է, սակայն հիմնականում դրական կարծիքներ են հնչել:

Խաչունցը հավելեց, որ մինչեւ ներկայկացումը իրենց փորձն էլ են տապալել, սակայն իրենք որոշել են, որ անպայման ներկայացումը տեղի է ունենալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել