Hraparak.am-ը գրում է.

Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի հարցերով զբաղվող պետական կառույցների միավորումը մեկ գիգանտ նախարարության կազմում հենց սկզբից չընդունվեց հանրության կողմից։ Իսկ մշակույթի գործիչները մշակույթի նախարարության վերացման արդյունքում մշակութային արժեքների ոչնչացում էին կանխատեսում՝ գաղափարն ինքնին որակելով որպես արհամարհանք եւ անպատասխանատու վերաբերմունք սեփական մշակույթի նկատմամբ:

5 ամիս առաջ, երբ միավորումը տեղի ունեցավ, վարչապետ Փաշինյանը համոզված էր, որ գիգանտ նախարարությունը «պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ»։ Ի՞նչ է սա նշանակում, եւ ի՞նչ շահ կամ օգուտ ստացանք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեր կերպարի «գծագրումից», այսօր հայտնի չէ։
Որպես Մատենադարանի գիտաշխատող, գիտության մարդ ու մշակույթի նախկին փոխնախարար՝ Նազենի Ղարիբյանը կարծում է, որ այս հարցը տալը վաղ է։ «Նախարարությունները դեռ միացման ընթացքի մեջ են, եւ ընդհանրապես, այսպիսի խոշոր գործընթացներից հետո արդյունքների մասին կարող ենք դատել միայն մի քանի տարի հետո։ Դեռ մարդիկ պետք է համակերպվեն, մի տարի պետք է, որ նրանք հունի մեջ մտնեն, որից հետո արդեն մեկ-երկու տարի էլ պետք կլինի, որ արդյունքներն ամփոփեն»,- ասում է նախկին փոխնախարարը, որը նաեւ նախապատրաստել է ոլորտների միավորման գործընթացը։ Ըստ Նազենի Ղարիբյանի՝ կառուցվածքային փոփոխությունը դեռ մինչեւ դեկտեմբեր պրոցեսի մեջ է լինելու։ «Գործընթացի սկիզբը համարում ենք հունիսի 1-ը։ Իմ տվյալներով, որոնք այն ժամանակ էին հայտարարվում, մինչեւ դեկտեմբեր սպասվում են ճշտումներ, կարծեմ՝ ինչ-որ կրճատումներ։ Պարզ է, որ գործընթացը դանդաղել է, եւ սա կախված է այս մի քանի կառույցների վերամիավորման բարդ, մի քանի մակարդակ ունեցող գործընթացից։ Չարախոսություն կամ գովաբանություն կլինի, եթե ես ինչ-որ կարծիք հայտնեմ հիմա արդյունքների մասին, օբյեկտիվ չի լինի»։

Մեր տեղեկություններով՝ 4 ոլորտների ընդհանուր կառավարում, որպես այդպիսին, չի ստացվում։ Տարբեր ոլորտների միաձուլումն իրականում զուտ ձեւական բնույթի է, եւ դրանք շարունակում են կառավարվել առանձին-առանձին։ Էլ ո՞ւմ էր պետք միավորումը։ Մեր հարցին Նազենի Ղարիբյանը պատասխանում է․ «Այդպես էլ պետք է լինի։ Նախարարը չի կարող ամեն ինչով զբաղվել գործուն մակարդակով։ Նա կարող է հսկել աշխատանքը, կոորդինացնել, որովհետեւ շատ մեծ է ծավալը»։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի կարծիքով, որը նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն է ու ղեկավարում է բռնցքամարտի եւ բասկետբոլի ֆեդերացիաները, սուպերնախարարության ստեղծումը տեսանելի փոփոխություններ չի բերել։ «Իրականում որեւէ բան չի փոխվել»,- ասում է նա։ Այսինքն՝ նախարարությունը եղած-չեղա՞ծ, որեւէ դեր չի՞ կատարում։ «Չէ, ինչո՞ւ։ Կոպիտ մի ասեք։ Օլիմպիական կոմիտեում, նաեւ որպես ծանրամարտի ու բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, համագործակցում ենք նախարարության հետ։ Կարող եմ ասել, որ որեւէ խնդիր չկա։ Իսկ եթե լինում է, բոլոր հարցերին տրվում են օպերատիվ  պատասխաններ։ Ներսից ես չգիտեմ, իհարկե, ինչ արդյունք կա, բայց ինչ վերաբերում է սպորտի խնդիրներին, բոլորը ստանում են դրական լուծումներ։ Որեւէ փոփոխություն չեմ զգում։ Դե, խնդիրներ միշտ էլ լինում են, մրցումների պատրաստման, նախաօլիմպիական տարի է»,- ասում է Ռոստոմյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել