Տգեղությունն ու ֆիզիկական թերությունները բոլոր ժամանակներում մարդկանց միաժամանակ վախեցրել ու հետաքրքրել են: Այսպես կոչված «այլանդակների կրկեսները» ի հայտ էին եկել դեռևս անտիկ ժամանակաշրջանում: Բոլորին է հայտնի, որ պահանջարկը ծնում է առաջարկ, և հենց այլանդակության պահանջն է ծնել կոմպրաչիկոսներին:

Կոմպրաչիկոսները Եվրոպայում գոյություն են ունեցել հարաբերականորեն կարճ՝ մեկ հարյուրամյակից պակաս: Եթե չլիներ Վիկտոր Հյուգոյի «Մարդը, որը ծիծաղում է» աշխատանքը, ապա պատմության այս սարսափելի էջը միգուցե երբեք չբացվեր: Նրանք իրենց գործունեությունը ծավալել են իշխանությունների և եկեղեցու լուռ համաձայնությամբ:

Կոմպրաչիկոսների հիմնական հաճախորդները ունևորներն էին, առևտրականները, թատրոնների, կրկեսների տնօրենները:

Գաղտնի վաճառականների կողմից առաջարկվող «ապրանքի» ընտրությունը լայն էր: Հնարավոր էր գնել գաճաճների, կաստրատների, կուզիկների, փոքր կամ շատ մեծ գլուխ ունեցող մարդկանց, կռնատների:
Իսկ որտեղի՞ց էին իրենց «ապրանքը» գտնում կոմպրաչիկոսները: Միլանում, Ցյուրիխում, Լոնդոնում, Փարիզում և Պրահայում երեխաներին ծնողները վախեցնում էին՝ հիշեցնելով սարսափելի առևանգողների մասին, որոնք անհնազանդ երեխաներին գողանում են անկողիններից: Իրականում կոմպրաչիկոսներին «ապրանք» տրամադրող գլխավոր սուբյեկտները հենց ծնողներն էին: Նրանք ոչ թե առևանգում էին այլանդակներին, այլ գնում նման երեխաներին աղքատ ընտանիքներից, որոնք չէին կարողանում կերակրել երեխաներին:

Այն բանից հետո, երբ երեխաները հայտնվում էին կոմպրաչիկոսների ձեռքերում, նրանց «ապրանքի տեսք» էին տալիս: Նրանք երբեմն անգամ պատվիրատուների պատվերներով նոր տեսք էին հաղորդում երեխաներին:
Այլանդակության վարպետները իրենց ժամանակների համար բավականին բարդ վիրահատություններ էին կատարում՝ կոտրելով և ամրացնելով ոսկրեր, մաշկը պատռելով և այլն:

Երբեմն վիրահատական միջամտությունները տևում էին ամիսներ կամ տարիներ: Առավել բարդ էր կուզիկներ և գաճաճներ «պատրաստելու» վիրահատությունները: Երեխայի ողնաշարը ծռելու կամ աճը կանգնեցնելու համար կոմպրաչիկոսներն այնպիսի կորսետներ էին կիրառում, որոնք դրանք կրող երեխաները ինքնուրույն չէին կարող հանել: 2-3 տարի անց կորսետները հանում էին և երեխաների համար գին նշանակում: Վիրահատություններ կատարելիս կոմպրաչիկոսներն օգտագործում էին ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացում: Որպես տեղային անզգայացման միջոց օգտագործվում էր էժան ալկոհոլը, իսկ ընդհանուրի համար՝ սնկերից և խոտերից պատրաստված խառնուրդներ:

Կոմպրաչիկոսները տարբեր ազգությունների ու կրոնների էին լինում, սակայն առավել հաճախ այդպիսի մարդիկ գնչուներն էին: Հաղորդակցման համար համայնքների ներկայացուցիչները հատուկ ժարգոն էին օգտագործում, որոնք կազմված էին եվրոպական տարբեր լեզուներից:

Խորհրդավոր համայնքը չէր ենթարկվում բարոյականության կանոններին: Շատերը կոմպրաչիկոսներին տարբեր նպատակներով էին դիմում. մարդիկ իրենց թշնամիներին պատժելու համար վերջիններիս երեխաներին հանձնում էին այդ սարսափելի մարդկանց:

Անգլիան 17-րդ դարում իրական դրախտ էր կոմպրաչիկոսների համար, մինչև որ իշխանության եկավ խիստ շոտլանդացի Վիլհելմ 3-րդը: Նոր միապետը ամեն գնով փորձեց խանգարել կոմպրաչիկոսների գործունեությանը, և դա նրան հաջողվեց անել մի քանի տարվա ընթացքում:

Մեր օրերում այս երևույթը, բնականաբար, ապօրինի և խիստ պատժելի է համարվում, սակայն ամբողջապես չի անհետացել: Ցածր կենսապայմաններ ունեցող երկրներում կոմպրաչիկոսների խմբավորումներ գոյություն ունեն, որոնք գնում ու վաճառում են երեխաների ու մեծահասակների, օգտագործում նրանց որպես մուրացկանների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել