Pastinfo.am-ը գրում է.

Սա իշխանությունն ամրապնդելու սովորական հնարք է, իսկ Արման Բաբաջանյանը ընդամենը գործիք է, որին Փաշինյանն օգտագործում է իր իշխանությունն ամրապնդելու համար:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու մասնավորապես, Հոկտեմբերի 27-ի գործի հնարավոր վերաբացման մասին հարցին, ասաց 1991-95 թթ ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը:

«Արման Բաբաջանյանը իրենից ի՞նչ է ներկայացնում, նա ծրագրավորված դուրս եկավ ԼՀԿ-ից, դարձավ անկախ…Ոչ ոք Արման Բաբաջանյանին հարց չի տալիս, թե իրեն ո՞վ է իրավունք վերապահել Նաիրի Հունանյանի հետ 2 ժամ զրուցել, այդ 132 պատգամավորներից ով ցանկանա, կարո՞ղ է գնալ նրա հետ հանդիպել:

Դա շատ նման է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ գնդի տարածք մտնելու թույլտվությանը»,-նշում է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության պարագլուխ, ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով դիմում է ներկայացրել, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հանդիպել է Հունանյանի հետ եւ 2.5 ժամ զրուցել նրա հետ։ Ապա` ակնարկեց Նաիրի Հունանյանի եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կապի մասին:

Ալբերտ Բաղդասարյանը նկատում է՝ Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում տարբեր առիթներով 2 անգամ քննադատել է Փաշինյանին, որը փորձում է իր բոլոր պոտենցիալ հակառակորդներին ահաբեկել եւ շանտաժ անել:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Վազգեն Մանուկյանի խոսքն այսօր այնքան էլ ծանրակշիռ չէ, քանի որ նա քաղաքականությունից, ըստ էության դուրս է եկել , իսկ Հանրային խորհուրդը ամենաթույլ օղակն է եւ դիմադրելու ռեսուրս չունի: «Բայց սա դաս է բոլոր նրանց համար, ովքեր կհամարձակվեն այս կամ այն կերպ իշխանությանը դուր գալուց դուրս ինչ-որ կարծիք ունենալ: Միշտ այդպես է, դիկտատուրա հաստատելու պրոցեսը սկզբից չեն հասկանում»,-նկատում է Ալբերտ Բաղդասարյանը:

Ըստ Բաղդասարյանի, այսօր մանր ու ճղճիմ քայլերով, Նիկոլ Փաշինյանը ամրապնդում է իշխանությունը եւ կախում է այն զանգը, որը հետո է հնչելու, երբ զոմբիացած հանրությունը, նրանք, որոնք սրտիկներով , մեկնաբանություններով ուրախանում են, հետո իրենց գլխին են տալու. « Հիշեցնեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ էին սիրում, քան Նիկոլին: Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ դարձավ 83 տոկոսով, Նիկոլը իշխանության եկավ 71 տոկոսով»:

Հարցին, արդյո՞ք Հոկտեմբերի 27-ի գործով թիրախում միայն Վազգեն Մանուկյանն է, որովհետեւ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, թե Նաիրի Հունանյանը շատ անուններ է տվել եւ սլաքները ուղղել էր այսպես ասած, ռեւանշիստների կողմը, Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց. « Գագիկ Ջհանգիրյանի ձեռագիրն է՝ շանտաժի գործիքը ժամանակին օգտագործել է Գագիկ Ջհանգիրյանը : Ես հիշում եմ, որ երբ ինքն էր քննում գործը, Հայաստանում չկար քաղաքական գործիչ, որի անունը պարբերաբար չշրջանառվեր, թե կապ ունի Նաիրի Հունանյանի հետ : Բացի հիմնական եղելությունը բացահայտելուց նա բոլորին ներառում էր, անգամ ինձ է հարցաքննության կանչել, այն դեպքում, երբ Նաիրի Հունանյանի հետ կյանքում առնչություն չեմ ունեցել:Ոճն այդ ժամանակվա գծած ոճն է, գուցե Ջհանգիրյանն էլ չէ հեղինակը գուցե ուրիշ մարդիկ են, որ Նիկոլին են պարեցնում, իսկ Արման Բաբաջանյանը գործիք է՝ շատ հասարակ եւ շուտ ժանգոտվող»:

Ինչ վերաբերվում է առհասարակ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը , Ալբերտ Բաղդասարյանը համոզված է՝ այն բացահայտված չէ եւ չի բացահայտվելու, այնպես, ինչպես Ապրիլյան պատերազմը : Չկան հարցերի պատասխանները, թե ինչը դրդեց Նաիրի Հունանյանին, ինչ նպատակ էր հետապնդում հենց Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահին, տեղակալին վերացնելը:

Ալբերտ Բաղդասարյանը կարծում է ՝ տվյալ ժամանակահատվածում Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը դերակատարություն է ունեցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրականացման մեջ:

Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել