2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման վերաբերյալ օրակարգով նիստի ժամանակ, ծնողներից հայտնել են, որ իրենց որդիների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը չեն ուսումնասիրվել այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում:

Վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև մշակված աշխատանքային կարգի համաձայն` խումբն ուսումնասիրության առարկա է դարձնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննված և վարույթը կարճված ու կասեցված քրեական գործերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ խորհրդարանում իրենց դժգոհությունն արտահայտած ծնողների որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով վարույթը կարճված կամ կասեցված չեն, հետևաբար` այս պահին չեն կարող դառնալ հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա գործեր:

Տեղեկացնենք, որ հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբը նախագահ չունի և աշխատանքային խմբի շրջանակներում Քննչական կոմիտեի հիմնական գործառույթը խմբի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև ավելի վաղ ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

Հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի նպատակներն են`

1) քննարկել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերը, որոնց վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից իրականացված քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից, ուսումնասիրության արդյունքում կազմել եզրակացություններ և այդ գործերով ներկայացնել առաջարկություններ՝ կապված ապացույցների ձեռք բերման և դրա ընթացքի, տուժողի իրավահաջորդների միջոցով քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելու միջնորդություններ ներկայացնելու վերաբերյալ.

2) անհրաժեշտության դեպքում, քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում կազմված առանձին եզրակացությունները հիմք ընդունելով, կազմել վերլուծություններ՝ ՀՀ քննչական կոմիտեի ուշադրությունը հրավիրելով հանցագործությունների քննության ժամանակ տեղ գտած համընդհանուր, համակարգային թերությունների, բացթողումների, խախտումների վրա, առաջարկել այդ խնդիրների հնարավոր լուծումներ, այդ թվում` իրավական բարեփոխումների միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել