Հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հանցագործությունները մեծ և անջնջելի խարան են հայկական նորագույն պետականության վրա, և մեզ չի հաջողվի կառուցել ուժեղ և կենսունակ պետություն առանց այս պետական հանցագործությունների լիարժեք, համալիր և ամբողջական բացահայտման։

Ես չգիտեմ Հայաստանում որևէ հայրենասեր քաղաքացի, ով չի ցանկանում այս գործերի անաչառ և օբյեկտիվ քննություն, դրանց այս կամ այն կերպ առնչություն ունեցող բոլոր մեղավորների բացահայտում և նրանց քրեական պատասխանատվության ենթարկում։

Սակայն մեր իրականության մեջ առկա են խիստ հիմնավոր կասկածներ առ այն, որ քաղաքական նշանակության հանցագործությությունների քննությունը կարող է և անպայմանորեն կվերածվի քաղաքական կապիտալ և դիվիդենտներ հավաքելու անթույլատրելի գործընթացի և անխուսափելիորեն կհանգեցնի վհուկների որսի։

Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում։

Մարտի մեկի գործը վերջին 10 և ավել տարիներին դարձել է ներքին քաղաքական գործընթացների անկյունաքարը, որը սկզբնական շրջանում գործիք դարձավ նախկին իշխանության ձեռքում՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու և հարյուրավոր ընդդիմադիրներին զնդանները նետելու համար։

Իրադրությունը չփոխվեց նաև Իշխանափոխությունից հետո, և այս գործը շարունակում է մնալ ներքին քաղաքականության անկյունաքար՝ բայց արդեն վերածվելով վրեժխնդրության գործիքի նոր իշխանության ձեռքին։

Հոկտեմբերի 27-ի գործն իր մասշտաբներով ու ծանրությամբ անհամեմատելի է մարտի մեկի հետ, հետևաբար, ցանկացած քաղաքական շահարկում կամ մանիպուլյացիա հղի է ամենավտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով։

Այս հանցագործությունները պետք է բացահայտվեն ամբողջ ծավալով, դա ուղղակի ժամանակի խնդիր է, բայց դա պետք է կազմակերպեն և իրականացնեն քաղաքական որևէ շահագրգռվածություն չունեցող իշխանությունների կողմից, պրոֆեսիոնալ և վստահելի նախաքննական մարմինների և արդար դատարանի կողմից, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա։

Ներկա իշխանություններն ու իրավապահ համակարգը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ակնհայտորեն չեն վայելում այն վստահությունը, որով հնարավոր կլինի հանրության շրջանում փարատել առկա բոլոր կասկածները, փակել մեր պատմության այս ամոթալի էջերը, տալ իրավական և քաղաքական գնահատական ու շարժվել առաջ։

Դա կլինի, չի կարող չլինել, ուղղակի ժամանակի հարց է...

#գնում_ենք_առաջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել