Կառավարության որոշմամբ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը կփոխվի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ըստ գործող բանաձևի՝ դպրոցների տարեկան հասանելիք գումարը որոշվում է սովորողների թվից կախված:

«Սա նպատակ է ունեցել խթանել դպրոցների միջև մրցակցությունը, սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների մի մասը միակն են բնակավայրում, և սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով ու նրանք մրցակցությունից դուրս են: Այս պարագայում փոքր թվով սովորողներ ունեցող դպրոցներին հատկացվող գումարը նրանց չի բավարարում և վերաբաշխման անհրաժեշտություն է առաջանում: Սա տարիներ շարունակ արել են մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը: Այսինքն, խոշոր դպրոցների փողից վերցրել և հատկացրել են փոքր դպրոցներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով, նոր փոփոխություններով առաջարկվում է փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաև դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը: Ըստ նախարարի, թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչև 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչև 100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչև 207 սովորող, վարժարան և ավագ դպրոցը՝ մինչև 135 սովորող:

«Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան: Սույն իրավական ակտով առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նաեւ նոր փոփոխական՝ դասարանների թիվը: Այս մոտեցումը թույլ կտա. այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը, վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը, պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:

Թերկոմպլեկտավորված համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչև նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները: Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9-ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի:

Նախարարը հավելեց, որ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նվազագույն աշխատավարձ ներդնելով գործնականում Երևանում ու հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու:

Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, որ եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի:

«Այս հարցը ինչ-որ ձևով պետք է լուծել, դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի: Եթե աշակերտների թվով պայմանավորված դրույքը փոխվում է, ապա որակյալ մասնագետները կգան մեծ դպրոցներ, դա էլ իր հերթին կբերի աշակերտների հոսք և մենք դիսբալանս կունենանք»,- ասաց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել