Hraparak.am-ը գրում է․

Քննչական կոմիտեի քննիչ Տիգրան Կիրակոսյանը կեղծիք է կատարել, հետին թվով փաստաթուղթ է գրանցել, եւ այդ մասին կա հաղորդում հանցագործության մասին։ Սակայն նրան քրեական հետապնդման չեն ենթարկում, քրեական գործ չեն հարուցում, չեն կալանավորում։ Իսկ Արսեն Բաբայանին նույնատիպ կասկածի հիման վրա մեղադրում են պաշտոնեական կեղծիք կատարելու համար (ինչպես նաեւ՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակելու)։  

Բաբայանի մեղադրանքն առնչվում է Հրայր Թովմասյանին, իսկ քննիչը յուրային է, քննիչին չի կարելի մեղադրանք առաջադրել։ Այսպիսով, ՀՔԾ-ն երկակի ստանդարտներ է կիրառում հանցագործության մասին հաղորդում տվողների նկատմամբ։ Սա փաստաբան Հակոբ Ճարոյանի համոզմունքն է, որը նա հիմնավորում է։ Գործը վերաբերում է Միքայել Բրուտյանին, որը մեղադրվում է թմրամիջոցի իրացման մեջ։ Առաջին ատյանի դատարանը նրան 20 մլն գրավով ազատել էր կալանքից։ Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հունվարի 10-ին կայացրեց գրավն անթույլատրելի ճանաչելու մասին որոշում։ Օրենքով այս որոշումից հետո գրավը պետք է վերադարձվեր։ Սակայն բյուջեում փող չկա, եւ քննիչները որոշել են այն հետ չտալ, ինչի համար, ըստ Բրուտյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի, կեղծիք են կատարել։ Ո՞րն է այն։

«Բանն այն է, որ Բրուտյանը հունվարի 18-ին, երեկոյան ժամը 20։50-ի շրջանում թմրանյութ վաճառելու համար կրկին բերման է ենթարկվում  Քանաքեռ-Զեյթունի բաժին,- բացատրում է փաստաբանը։- Քննիչ Տիգրան Կիրակոսյանը, իմանալով այդ մասին, հետին թվով կազմում է որոշում անձին հետախուզում հայտարարելու մասին։ Եթե գրավով ազատված անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվում, ապա գրավն այլեւս չի վերադարձվում։ Սակայն ես պնդում եմ, որ ամսի 18-ին իմ պաշտպանյալի նկատմամբ հետախուզում հայտարարված չի եղել, եւ դա արվել է հետին թվով՝ ամսի 21-ին։ Ո՛չ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից, որտեղ պարտադիր պետք է ֆիքսված լիներ հետախուզում հայտարարելը, ո՛չ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր Բրուտյանը, ինձ չկարողացան ներկայացնել փաստաթուղթ առ այն, որ հունվարի 18-ին իմ պաշտպանյալի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել։ Այս կեղծիքն արվել է այն բանի համար, որ գործը վերահսկող դատախազ Գոռ Հովակիմյանը կարողանա դիմել դատարան՝ գրավը պետական եկամուտ դարձնելու միջնորդությամբ։

Հենց դրա համար էլ նրանք հայտարարել են հետախուզումը»,- ասում է Ճարոյանը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, սակայն քրեական գործ չի հարուցվել։ ՀՔԾ-ն, հղում կատարելով վճռաբեկ դատարանի նախադեպային երկու որոշումները, պատասխանել է, որ հանցագործության վերաբերյալ հաղորդման համար հիմք եւ առիթ ներկայացված չէ։ «Եթե ես կեղծ հաղորդում եմ տվել, թող ինձ սուտ մատնության մեղադրանք առաջադրեն»,- ասում է Ճարոյանը։ Այժմ նա դիմել է դատարան եւ պահանջում է պարտավորեցնել ՀՔԾ-ին՝ քրեական գործ հարուցել քննիչի կողմից փաստաթղթի կեղծման կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել