Pastinfo.am-ը գրում է․

«Ծանոթացել եմ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանն ու իսկապես կոշտ դրսևորումների տպավորություն եմ ստացել։ Իրենք իրենց սովորության համաձայն, տեքստերը համեմում են վիրավորական արտահայտություններով, բայց մենք պետք է ավելի շատ փորձենք ենթատեքստը հասկանալ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունում իսկապես կոպիտ գնահատական է տրվել, որն ամենևին չի բխում ՀՀ-ի հեղինակության շահերից։

«Մենք պետք է ուշքի գանք, փորձենք շեշտը դնել տնտեսական հեղափոխության վրա, սոցիալական արժեքների հեղափոխության վրա և այսպես անիմաստ ձերբակալությունները, կալանքի վերցնելու պրոցեսները, դատական դատավարությունների ձգձգումը բացարձակ չեն բխում ՀՀ-ի շահերից»,-ասաց պատգամավորը։

Պետրոսյանը խոսքով, փաստորեն Վենետիկի հանձնաժողովն ընդունում է, որ տեղի ունեցող պրոցեսում քաղաքական հետապնդման տարր կա. «Էլ սրանից կոպիտ ի՞նչ պետք է ասեին, հո չէին հայհոյելու»։

ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ բավարար է դատավարությունների շոուներով «կերակրել» ժողովրդին։

«ժողովուրդն արդեն դրանով չի կերակրվում, դա շատ կարճաժամկետ, առանց արդյունքի քայլ է, դրա համար իսկապես լրջանալու ժամանակն է։ Ես կոչ եմ անում թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ իշխանություններին իսկապես մտածել ժողովրդի խնդիրների մասին, հերիք է արդեն...»,-ասաց պատգամավորը։
Խոսելով Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին, պատգամավորն ասաց.

«Ո՞վ է ասում, որ ՍԴ-ում ճգնաժամ կա։ Ո՞ր դատավորն է ասում, այն դատավորը որ նիստերին չի մասնակցու՞մ, ամենամեծ ճգնաժամն այդ դատավորն է,այդ ինքնահռչակ նախագահն է։ Հիմա, եթե ես ԱԺ նիստերին չմասնակցեմ, ես բարոյական իրավունք ունե՞մ ԱԺ-ի գործողությունների մասին դատողությունն անել։

Հավատացեք ես այդ անձնավորության հետ խնդիր չունեմ, ատելություն չունեմ իր հանդեպ, իմ ատելությունն իր կեցվածքն է։ Մարդը չի մասնակցում նիստերին, պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, 4 անգամ խրախուսում։ Լավ, հանրահայտ է, չէ՞, որ աշխատողին խրախուսում են իր աշխատանքի արդյունքի համար, եթե դատավորը չի մասնակցում այդ դատարանի աշխատանքներին՝ ինչի՞ համար է խրախուսվում և ու՞ր է մեր իշխանությունը, կրկին անցանք երկակի ստանդարտների՞»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել