Pastinfo.am-ը գրում է․

Նախօրեին ԱԱԾ-ն ուշագրավ հաղորդագրություն տարածեց, որը, կարելի է ասել, 2019 թ. ինն ամիսների ընթացքում ԱԱԾ-ի աշխատանքի հաշվետվությունն էր՝ թվերով։ Այսպես, հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ԱԱԾ-ն աշխատել է գերծանրաբեռնված։

Ընդհանուր առմամբ՝ ԱԱԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է հարուցվել է 446 քրեական գործ, ՀՀ պետական տարբեր մարմիններին փոխանցվել է 846 նյութ։ ԱԱԾ-ի կողմից հարուցված եւ այլ քննչական մարմիններ ուղարկված 111 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1.876.240.329 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 1.351.152.273 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 12.164.052 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 512.924.004 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար:

ԱԱԾ-ի հաշվետվություն հաղորդագրությունը սովորական գերատեսչական ռելիզ լինելուց զատ, հետաքրքիր է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի ու այդ հրաժարականին հաջորդած հայտարարությունների ֆոնին, որոնք հնչեցին իշխանական ճամբարից։ Նշենք, որ այդ ընթացքում, որի ժամանակ արձանագրված ցուցանիշներով այսօր հպարտանում է ԱԱԾ-ն, տնօրենն էր Արթուր Վանեցյանը։ Այլ խոսքով՝ ԱԱԾ-ն այսօր իր աշխատանքի քարոզչությունը կազմակերպում է Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ արձանագրած դրական ցուցանիշներով։ Նույն այն Վանեցյանի, որի աշխատանքը բերանները փրփուր արած փորձում էին քննադատել «Իմ քայլի» պատգամավորները, կամ որոշ նորաթուխ պաշտոնյաներ։

Հիշենք, ԱԱԾ տնօրենի հրաժարականին հաջորդած իշխանական գործիչների, մասնավորապես սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարությունը, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չի եղել. «Նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում, ազատման դիմում է լինում։ Վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ և ազատումներ կատարում։ Հրաժարականներ լինում են ընտրովի պաշտոններից»։

Այն, որ պետական ծառայությունն ու ծառայամատությունը Արմեն Գրիգորյանը չի տարբերակում դա այլ հարց է, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաները միայն վարչապետի հրահանգները կատարողները չեն, այլ իրենց վստահված ոլորտի պատասխանատուները, որոնք իրենց գործառույթները պարտավոր են անել գործող իրավակարգավորումների շրջանակներում եւ ոչ թե վարչապետի ցուցումների։ Հետեւապես, նրանք եւս կարող են դժգոհություն ունենալ։ Ավելին՝ պարտավոր են ապահովել բազմակարծությունը։

Այսօր արդեն ԱԱԾ-ն իր հաղորդագրությամբ հավաստում է, որ ԱԱԾ-ի գործունեության վրա է կառուցվել այլ քննչական մարմինների աշխատանքը, գրանցել դրական ցուցանիշներ ու եթե հպարտանում են, ուրեմն կառավարությունը գոհ է եղել։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ վարչապետի ու ԱԱԾ նախկին տնօրենի միջեւ եղել է տարաձայնություն, որ դժգոհ կողմը եղել է ոչ թե վարչապետը, այլ ԱԱԾ տնօրենը, ով, ըստ ամենայնի, համամիտ չի եղել իրեն տրվող հրահանգների հետ, չի եղել այնքան ծառայամիտ, որքան Արմեն Գրիգորյանը, ունեցել է կարծիք ու անհամաձայնություն հայտնելու վճռականություն։ Ու թերեւս հենց դրանով էր պայմանավորված Արթուր Վանեցյանի՝ Փաշինյանին ուղղված խոսքերը ՝ «կանգ ա՛ռ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել