Hraparak.am-ը գրում է․

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կածում է, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի ակտիվությունը պայմանավորված է քաղաքական պատվերով։ Մեր հարցին, որ այսօր ընթացող աղմկահարույց գործընթացների՝ ՍԴ նախագահի դեմ հարուցված քրեական գործը, որին ներգրավված են նաև Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը, Հոկտեմբերի 27-ի հետ կապված քննարկումները, նախաձեռնողը Բաբաջանյանն է՝ այն պարագայում, երբ նա իշխանության մաս չի կազմում, ինչո՞ւ է դարձել «բացահայտումների» առաջամարտիկը, և եթե նրան իշխանությունն է պատվեր տվողը, ապա ինչո՞ւ Փաշինյանը իր խմբակցության պատգամավորի վրա խաղադրույք չի կատարել, Մանուկյանը կարճ պատասխանեց․

«Արման Բաբաջանյանը գործիք է, և, կարծում եմ, ոչ ամեն մեկը կհամաձայներ նման գործիք լինել»։

Մանուկյանը նաև անդրադարձավ Մարտի 1-ի գործին՝ ասելով, որ այդ գործի քննությունը ինքը չի համարում օբյեկտիվ, քանի որ բացահայտումներ պետք է ընթանային ներքևից դեպի վերև․ առաջինը պետք է պարզեին, թե ովքեր են ցուցարարների վրա կրակողներ, ապա թե ովքե՞ր են եղել հրաման տվողները, իսկ Քոչարյանի պարագայում իշխանությունը միանգամից մեղավորի է նշանակել, ապա նոր սկսել քննությունը։ Վազգեն Մանուկյանը անդրադարձ կատարեց նաև իր կողմից հիմնադրված «Վերնատուն» ակումբին՝ պատասխանելով դիտարկմանը, որ այնտեղ քոչարյանականներ և սերժականներ են հավաքվում․

«Անընդհատ վեճեր են գնում անցյալի վերաբերյալ, անընդհատ մերոնք- ձերոնք, հներ- նորեր։ Ակումբը պետք է լիներ մի հարթակ, որտեղ պետք է հավաքվեին բանիմաց մարդիկ, այն կուսակցություն չէ։ Պետք է քննարկվեին Հայաստանին վերաբերող հարցերը։ Ես կարծում եմ՝ ոչ մի առանձին վերցրած կուսակցություն չունի այն պոտենցյալը, որ կարողանա մեր երկրի առաջ կանգնած բարդ հարցերը լուծել, ակումբը որոշումներ չի կայացնում, այնտեղ մարդիկ հավաքվում, խոսում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել