ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը մեծ ոգևորությամբ ընդունվեց Հայաստանում և ամբողջ աշխարհում սփռված հայության շրջանում։

Անշուշտ, հոգեկան շատ մեծ բավականություն պատճառեցին պալատում հնչած ելույթները, զգացմունքային ֆոնը շատ բարձր էր և հերթական անգամ հույս առաջացրեց պատմական արդարության հաստատման ուղղությամբ։

Սակայն այս իրադարձությունը առավել սթափ վերլուծելու արդյունքում կարելի է եզրակացնել, որ ընդունված բանաձևը քիչ առնչություն ունի հայկական շահի հետ և առավելապես տեղավորվում է ԱՄՆ-Թուրքիա օրեցօր լարվող հարաբերությունների կոնտեքստում։

Եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ընդունված բանաձևը կրում է ոչ պարտադիր, այն է՝ դեկլարատիվ բնույթ, և չի պարտադրում ԱՄՆ գործադիր իշխանությանն այսուհետ կիրառել «ցեղասպանություն» տերմինը, ինչպես նաև այն, որ այդպիսի բանաձև Ներկայացուցիչների պալան ընդունել էր դեռևս 1984թ., ապա կարելի է եզրակացնել, որ Հայկական հարցը հերթական անգամ խաղարկվում է գերտերությունների կողմից իրենց ազգային շահերին ծառայեցնելու նպատակով։

Չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ մեր անմիջական հարևանությամբ ներկայումս տեղի են ունենում դրամատիկ իրադարձություններ, մասնավորապես՝ Սիրիայում թուրքական ռազմական ինտերվենցիան, քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության նկատմամբ կատարվող վայրագությունները, և վերջապես ռուս-թուրքական մերձեցումը, որը, բազմաթիվ ռիսկերից զատ, կարող է աննախադեպ հնարավորություններ ընձեռել հայկական երիտասարդ պետականությանը։

ՀՀ դիվանագիտությանն անհրաժեշտ է գործել առավելագույնս զգույշ, չտրվել զգացմունքներին և առաջնորդվել բացառապես Հայկական շահով՝ թույլ չտալով այն դարձնել մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում։

Այսպիսով՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պետք է ողջունել, շնորհակալություն հայտնել, բայց ոչ մի պարագայում այն չընդունել որպես ԱՄՆ հայկական քաղաքականության ընդգծված ուղղություն։

Գնում ենք առաջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել