«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երբ Ազգային ժողովի կողմից ընդունվեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, բոլորի համար էլ պարզ էր, որ մի քանի ամիս անց կրճատումների նոր ալիքներ կսկսվեն միավորված նախարարություններում: Այս ամիսների ընթացքում դեռ միավորման աշխատանքներն էին ընթանում, եւ այժմ գրեթե պատրաստ է կրճատվող հաստիքների ցանկը: Եվ ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, միավորման արդյունքում կրճատվելու են կրկնվող գործառույթ ունեցող բաժինները: Այս օրերին միավորված նախարարություններն այս ուղղությամբ վերջին աշխատանքներն են տանում:

Օրինակ` կառավարության վաղվա նիստում նախատեսված է քննարկել արդեն Շրջակա միջավայրի նախարարության նոր կառուցվածքը, եւ դրանից հետո էական կրճատումներ կլինեն: Այդ գործընթացը կմեկնարկի հենց կառուցվածքը հաստատելուց անմիջապես հետո: Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պարագայում մոտ 100 աշխատակից կդառնա գործազուրկ բաժինների միավորման արդյունքում: Առաջիկայում սպասվում են նաեւ այլ կառավարական մարմինների միավորումներ, ինչն իր հերթին ենթադրում է այլ կրճատումներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել