Hraparak.am-ը գրում է.

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպը մեծ աղմուկ է հանել։

Հիշեցնենք՝  հոկտեմբերի 26-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել մի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։ 

Այնուհետեւ պարզվել է, որ զենքով ենթադրյալ սպառնացողը դատավոր Արթուր Ավգայանն է։
Բարձրագույն դատական խորհուրդը տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե իրենք համապատասխան ուսումնասիրություններ են կատարում։ 
Արթուր Ավագյանի աշխատակազմից մենք ճշտեցինք, որ նա շարունակում է նիստեր անցկացնել, այցելել աշխատանքի եւ նրա լիազորությունները կասեցված չեն։ Դեպքի վերաբերյալ էլ որեւէ բան չհայտնեցին՝ ընդգծելով ԲԴԽ-ի հայտարարությունը։

Մինչդեռ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի վերաբերյալ դատավորը զանգահարել է իրեն, եւ զրույց են ունեցել, ինչի մանրամասները չի կարող հայտնել։
«Մենք հետեւում ենք դեպքի ընթացքի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, ինչպես նաեւ հետում ենք իրավապահ մարմինների գործողություններին։ Երբ բանը հասնի ԲԴԽ-ի դաշտին, մենք արդեն մեր գործողությունները կանենք օրենքով սահմանված կարգով։ Մենք կարող ենք իրեն կանչել, բայց դրա կարիքը չկա այս պահին, քանի որ, օրինակ, ես իր հետ խոսել եմ, դեպքից հետո ինքն է ինձ զանգել, ամեն դեպքում՝ մենք այս պահին պետք է սպասենք, որ իրավապահ մարմինների գործողությունների գնահատական տանք»,-ասաց Բեքմեզյանը։
Նա նաեւ նշեց, որ քրեական գործ դեռեւս չի հարուցվել, իրենք ունեն միայն մամուլի հրապարակումները։
ԲԴԽ-ի անդամի խոսքով՝ օրենքով բոլոր դատավորները զենք կրելու իրավունք ունեն, թեպետ վստահ է, որ ոմանք կրում են, ոմանք՝ ոչ․ «Օրինակ՝ ԲԴԽ անդամները եւս զենք կրելու իրավունք ունենք, քանի որ մեր կարգավիճակը հավասար է դատավորի կարգավիճակին, բայց ես ինչքան տեղյակ եմ՝ ԲԴԽ անդամները տվյալ պահին դեռ չեն կրում»։
Հարցին, թե անհրաժեշտություն կա՞ դատավորի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու, նշեց․ «Ոչ, ներկա պահին դատավորի լիազորությունները կասեցնելու հիմքեր չկան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել