Tert.am-ը գրում է.

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներով պաշտպանության մակարդակի բարձրացումը լուրջ պետության գործելաոճ չէ՝ այսքանը կխլենք, այսքանը կուղղենք բանակին, եթե չխլենք, չենք ուղղի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի հայտարարությանը:

«Երկրի ռազմական բյուջեն լուրջ պլանավորում է պահանջում: Գնումները տարիներ առաջ պետք է պլանավորվեն, արվեն հիմնավորված կանխատեսումներ, վերլուծական աշխատանք և այլն: Չես կարող հույս դնել ինչ-որ բացահայտումների, իրականում՝ ինչ-որ մեկից գումարներ խլելու վրա: Այդ սկզբունքը՝ կստացվի, կստացվի, չէ, չէ, շատ սխալ է: Ավելին, մենք գտնվում ենք սառեցված, բայց պատերազմական իրավիճակում, քանի որ խաղաղության պայմանագիր չունենք և լայնամասշտաբ ռազմական գործողություններից երաշխավորված չենք: Մենք անընդհատ պետք է թարմացնենք, վերապատրաստվենք: Այսինքն, այդ ծախսերը պետք է պլանավորված լինեն, ոչ թե բոնուսների կարգով»,- նշեց Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, անդրադառնալով պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննադատություններին, հայտարարել էր. «Մենք 2018-ի համեմատ պլանավորել ենք հատկացումների 25,3 % ավելացում: Ռազմական ծախսերի հարցում ունենք որոշակի կարգավորում, որը չպետք է անցնի ՀՆԱ-ի 4 %-ը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք ռազմական ծախսերի ոլորտում ունենք փոփոխություն և մի փոքր այլ տրամաբանությամբ ենք վարվելու, վերջին շրջանի փոփոխության արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները և արդյունքները կուղղվեն ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,-ասել էր վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել