Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունից հերթական հաղորդագրությունը ստացվեց, որտեղ մշուշոտ ձեւակերպումներ են արված  «Աբովյան» Քրեակատարողական հիմնարկում եւ Երեւանի թիվ 47 դպրոցում շինաշխատանքների վերաբերյալ փաստաթղթեր են հաստատել, որոնց հիման վրա «կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքը տնտեսվարող սուբյեկտին փոխանցելու, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու, ինչպես նաև նույն հասցեում տեղակայված շինության 5-րդ հարկ և ձեղնահարկ կառուցելու թույլտվություն» է տրվել: Պարզ լեզվով ասած՝ ինչ որ խախտումներ են հայտնաբերել շինարարության մեջ, բայց քանի որ այդ շինարարության եւ այն ժամանակվա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կապը հնարավոր չի եղել հայտնաբերել, սեփականության իրավունքի գրանցման եւ ձեղնահարկի թույլտվության խուճուճ ձեւակերպմամբ փորձել են կապել նրա հետ։ 

Շարունակության մեջ կարդում ենք, որ «2013 թվականին, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի կողմից կառուցապատումն իրականացնող ընկերության տնօրենին ներկայացվել է ապօրինի պահանջ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի ազգականին պատկանող տան վերանորոգման համար շինանյութ տրամադրելու վերաբերյալ: Կատարելով ներկայացված պահանջը՝ նշված անձի կողմից տրամադրվել է 480.000 ՀՀ դրամ արժողության շինանյութ»: 

Եւ վերջապես, այս իշխանությունների ամենասիրելի թեման՝ վարորդին անտեղի վարձատրելու թեման․ «Արդարադատության նախարարությունում վարորդի հաստիք զբաղեցնող անձը, շարունակելով իրականացնել նշված գործառույթները, հրամանագրվել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք այլ ստորաբաժանումների հաստիքացուցակով նախատեսված պաշտոններին՝ չկատարելով համապատասխան պարտականությունները, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և պետական բյուջեից վճարվել է վարորդի աշխատավարձից շուրջ 1 մլն 841 հազար ՀՀ դրամով ավելի բարձր վարձատրություն»: Նկատենք, որ սա այսօրվա նախարարների մեկ ամսվա աշխատավարձն է։ Հիշեցնենք նաեւ, որ 2010-2014 թվականներին արդարադատության նախարարը եղել է Հրայր Թովմասյանը։
Այս մեղադրանքները տարակուսանք կառաջացնեին, եթե ակնհայտ չլիներ, որ սրանք Հրայր Թովմասյանի դեմ ընթացող քաղաքական հետապնդումների շրջանակներում են հարուցվել, որն առաջ է տանում իշխանությունն՝ իր անվտանգության ծառայությունով, ոտնակոխ անելով իրավական պետության մասին բոլոր պատկերացումները եւ օրինականացնելով քաղաքական հետապնդումները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել