Hraparak.am-ը գրում է.

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր գնացել է աշխատանքի և հրաժարական չի ներկայացրել։ Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը։ Նա հրաժարականի մասին մեր հարցին ի պատասխան ասաց՝ Ձեզնից եմ լսում։ Հարցին էլ, թե պատրաստվո՞ւմ է, ասաց, որ չի կարող պատասխանել Վազգեն Մանուկյանի փոխարեն։ Հիշեցնենք, որ շաբաթ օրվանից մամուլում արծարծվում է Մանուկյանի հրաժարականը՝ շեշտադրմամբ, որ երկուշաբթի նա  հրաժարական է տալու։ Որպես պատճառ, նշվում է նրա՝ «սևերի» ակումբում ակտիվ համագործակցությունը։

Որպես նրան պոտենցիալ փոխարինող՝ տրվում է Ստյոպա Սաֆարյանի անունը, ով Փաշինյանի իշխանության ջերմեռանդ պաշտպաններից է։ Հիշեցնենք, որ 45 անդամից բաղկացած Հանրային խորհուրդը կազմավորվում է հետևյալ կարգով. 15 անդամ նշանակվում է կառավարության կողմից, 15 անդամ ընտրվում է պալատի կառույցների ներկայացրած թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ), ևս 15 անդամ ընտրվում է նախատեսված կարգով նշանակված կամ ընտրված անդամների կողմից: Հանրային խորհրդի մասին օրենքի 7-րդ հոդվածով՝ Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը:

Քանի որ ՀԽ քարտուղարությունը վարչապետի գրասենյակի մաս է, իսկ Հանրային խորհրդի նախագահին նշանակում է վարչապետը, բնականաբար, Վազգեն Մանուկյանի հրաժարականի դեպքում ընտրությունը պետք է կատարվի կառավարության կողմից նշանակված 15 անձանցից (Վազգեն Մանուկյանից հետո՝ 14 )։ Նրանք են․ Արմեն Տեր-Տաճատյան՝ փաստաբան, «Տեր-Տաճատյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, Կոնվերսբանկի խորհրդի նախագահ, Անահիտ Աղոյան՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ժողովրդավարության, առաջնորդության, գենդերային հարցերի փորձագետ, Կառլոս Ղազարյան՝ գեներալ, 1990-91թթ․ ՀՀ ներքին գործերի նախարար, 1997-99 թթ․ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, Հովհաննես Հովհաննիսյան՝ ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ, Գագիկ Գինոսյան՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր, Աշոտ Հակոբյան՝ «Հզոր հանրություն» զարգացման հիմնադրամի տնօրեն, Հովիկ Մուսայելյան` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն,  տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Բաբկեն Պիպոյան` «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հարություն Մեսրոբյան` կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, Յուրի Ջավադյան՝ «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, 1978-86 թթ․ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Արկադի Տեր- Թադևոսյան՝ գեներալ, ռազմական գործիչ, Հրանտ Տեր-Աբրահամյան՝ հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, Ստյոպա Սաֆարյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, Արամ Սաֆարյան՝ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել