Ստեղծվում է տպավորություն, որ քչերն են հասկանում Արցախի շուրջ ընթացող բանակցություններում հաստատվող շատ վտանգավոր վիճակը: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի 2-րդ և 3-րդ Նախագահները կարողանում էին մշտապես պահպանել Հայաստանի որպես կառուցողական կողմ հանդիսանալու իրողությունը: Հարցը նրանում է, որ Ադրբեջանը, իր ներքին քաղաքական օրակարգից ելնելով, մշտապես ներկայացել է որպես զիջման անպատրաստ կողմ և մշտապես դիտարկել է միմիայն մեկ լուծում, այն է Արցախի գոյությունը տեսնել Ադրբեջանի կազմում: Սա է եղել իրենց քաղաքական ուղին անցած 30 տարվա ընթացքում: Օգտվելով այս պարզ իրողությունից` մեր 2-րդ և 3-րդ Նախագահները որոշ դեպքերում ցուցաբերում էին զիջումների (իհարկե տրամաբանական) գնալու պատրաստակամություն: Քչերն են հասկանում, որ իրականում իրենք էլ այդ զիջումներին չէին գնա, բայց հայտարարելով պատրաստակամության մասին, բանակցային պրոցեսում միանշանակ զբաղեցնում էին կառուցողական դիրքորոշում, դրանով իսկ ուժեղացնելով միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, որն իր հերթին չէր կարող համաձայնվել որևէ տարբերակի, քանզի 30 տարի շարունակ ներկայացել է իր ժողովրդին այլ թեզերով: Սա է պարզ իրականությունը և սա է այն տիտանական դիվանագիտական աշխատանքը, որն իրականացրել են մեր Նախագահները: Իսկ մեր «վայ» նոր իշխանությունը, հայտարարելով, որ սկսում է նոր էջից, իրականում այս պահին հայտնվել է ծուղակում, որը շատ վարպետորեն սկսում է օգտագործել Ադրբեջանը: Մենք, որպես երկիր, շատ արագ կորցրեցինք կառուցողական կողմ լինելու կոչումը և քիչ-քիչ դառնում ենք ապակառուցողական: Անշուշտ, դրան նաև նպաստել է «Արցախը Հայաստան է և վերջ» թեզը: Ստեղծված վիճակում շատ բարդ է լինելու վերականգնել մեր հին բանակցային դիրքերը: Իսկզբանե պետք էր ոչ թե անձնական վրեժխնդրությամբ զբաղվել, այլ ամբողջությամբ ծանոթանալ բանակցային պրոցեսին` հանդիպելով ճիշտ և տեղեկացված մարդկանց հետ: Մնում է հասկանանք` արդյոք այս ամենը տգիտության արդյունք է, թե պլանավորված սադրանք Հայաստանի Հանրապետության դեմ: Հ.գ. Ուշադիր լսեք գեներալ Վիտալի Բալասանյանին, շատ ճիշտ բաներ է ասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել