Hraparak.am-ը գրում է.

Էդմոն Մարուքյանին ու նրա թիմին հեղափոխությունից հետո հաճախ են մեղադրում գործող իշխանություններին ծառայություններ մատուցելու մեջ։ Վառ օրինակ՝ ուժայինների օրինագիծը, որով ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները կքաղաքականացվեն, տարիքային շեմն էլ կիջեցվի մինչեւ 25 տարեկան։ Էդմոն Մարուքյանին նույն «մեղքի» մեջ կասկածում էին նաեւ ՀՀԿ-ականները, որոնց դեմ այսօր նա հուժկու, բայց ուշացած հայտարարություններ է անում։ Իսկ առավել կառավարելի ընդդիմության նիշան որոշել է զբաղեցնել Մարուքյանի ձեռամբ պատգամավոր դարձած, ապա անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Մարուքյանին հարցրինք՝ կա՞ համագործակցություն իշխանությունների հետ, ինչի՞ց է այն տպավորությունը, թե իշխանություններին է ծառայում։

«Դա ասողները ՀՀԿ-ականներն են, ՀՀԿ-ին մոտ կանգնած մարդիկ են, որոնք չեն ուզում տարատեսակ հակակոռուպցիոն արշավների արդյունքում հայտնվեն տարատեսակ ՔԿՀ-ներում։ Օրինակ՝ տեսեք, եթե մարդն ինչ-որ անվտանգության ոլորտի աշխատող է եղել, «Վարդաշեն» ՔԿՀ-ում է նստելու, եթե քաղաքացիական անձ է եղել, ապա՝ «Նուբարաշեն», «Վանաձոր» կամ այլ քրեակատարողական հիմնարկում։ Էդ մարդիկ չեն ուզում պատասխան տան, ասենք, թալանած մանկապարտեզները սեփականաշնորհելու եւ այլնի համար»,- իբր հումոր արեց Էդմոն Մարուքյանը։ Մենք էլ հիշեցրինք, որ նույնը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր իր մասին ասում, թե ինքը ո՞ր ՔԿՀ-ում պետք է «նստի»։

Մարուքյանն ասում է, որ երկու խումբ կա՝ մեկը զբաղվել է հիմնական թալանով, մյուսը քաղաքակիրթ դեմքերով արդարացրել է այդ թալանը։
«Արմեն Աշոտյանն էդ խմբի մեջ ա։ Իսկ թալանի հետ կապ ունի, թե չունի՝ ես իրավապահ մարմին չեմ, չեմ կարող ասել։ Ես հույս ունեմ, որ ինքը ոչ մի բան չի թալանել, բայց թալանողների «ռուպըռն» է եղել»,- ասաց նա եւ անցավ իշխանություններին ծառայություններ մատուցելու մեղադրանքներին՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է ծառայություն մատուցել պետությանը։

«Այն փուլում, որ մենք տեսանք, որ ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում կա վեթթինգի խնդիրը, որն էդպես էլ առաջ չի գնում, մենք տեսել ենք նաեւ, որ մերժվել է մեր՝ նախարարություն ձեւավորելու առաջարկը, առաջարկեցինք այս տարբերակը։ Այսինքն՝ սա միջանկյալ լուծում է, որ էս շրջանում հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ լինի էդ համակարգի ռեֆորմի համար, էդ համակարգում ճանապարհ անցած որեւէ կաշկանդող բան չլինի էն անձանց համար, որոնք կնշանակվեն։ Բայց սա էլի փաստ չի, որ վարչապետը մարդ կնշանակի քաղաքացիական, որովհետեւ օրենքը հնարավորություն է տալիս»,- ասաց Մարուքյանը։ 25 տարեկան քաղաքացիական անձին նշանակելու հնարավորություն, ինչին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց, թե մենք շահարկում ենք 25 տարեկանի հանգամանքը։ «Օրինակ՝ Դուք խի՞ չեք նեղվում, որ վարչապետն էլ կարող ա լինի 25 տարեկան, խի՞ չեք նեղվում, որ պաշտպանության նախարարը կարա լինի 25 տարեկան»։

- Դե որ լինի, կնեղվենք։

- Դե որ էդ էլ լինի, կնեղվեք, ես կարծում եմ՝ չի լինի։

- Բայց տեսականորեն չի բացառվում։ Մենք նեղվում ենք, որ կան պատգամավորներ, որոնք խելքով 25 տարեկանից էլ ցածր են։

- Հիմա թրոլինգի ժամանակ չի։ Տեսականորեն՝ վարչապետը կարող է լինել 25 տարեկան, սա էն Սահմանադրությունն է, որը հիմա գործում է։ Հիմա ինձնից ի՞նչ եք ուզում։ Բա սաղդ ողջունում էիք, որ երիտասարդ իշխանություն գա, հիմա արդեն 25 տարեկանը պրոբլե՞մ ա։

- Լավ, վերադառնանք ՀՀԿ-ականներին, որոնց ասում եք, թե մի մասը թալանչիներ են եղել, մյուս մասը՝ նրանց «ռուպըռը»։ Երբ Դուք ՀՀԿ-ի օրոք պատգամավոր էիք եւ շատ ջերմ շփվում էիք նույն Աշոտյանի, Շարմազանովի, Ֆարմանյանի, Արփինե Հովհաննիսյանի հետ, նրանց հետ գործուղումների էիք գնում, նրանց կաբինետներում էիք լինում, չէի՞ք ասում, թե՝ «այ Աշոտյան ու մյուսներ ջան, ինչո՞ւ եք թալանում կամ ինչո՞ւ եք ռուպըռի դեր տանում»։

- Ասեմ։ Ես բոլորին ասել եմ, իրենք էլ գիտե՞ս ինձ ինչ էին ասում։ Ասում էին՝ գիտե՞ս, թե մեր գործադիր մարմնի նիստում մենք ինչեր ենք ասում։ Էդ նույն Լիսկայի դեպքը, որ եղել էր՝ սպանություն-բան, էդ ժամանակ էլ իրենք՝ ՀՀԿ-ի ցիվիլ պատգամավորների հատվածը, որոնք կիրթ, գիտությունների թեկնածուներ, պատմաբաններ-բան էին, ես ասում էի՝ ինչի՞ է ժողովուրդը ձեզ ավելի շատ ատում, քան նրանց, ովքեր իսկական բռնարարներ են․ որովհետեւ նրանք բռնություն անելուց հետո կորչում են մեդիա տիրույթից, ու դուք եք սկսում ձեր հարցազրույցներով նրանց պաշտպանել։ Եվ մի՛ անհանգստացեք՝ այսօր էլ գործուղումների եմ գնում այսօրվա իշխանության հետ եւ իրենց էլ այսօրվա իշխանության պրոբլեմներն եմ ասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել