Հայաստանի ԱԺ պատգամավոր, վարչապետի ընտանիքի անդամ Հրաչյա Հակոբյանը, մեկնաբանելով իր երեքշաբաթյա ուսումնական ծրագրի շրջանակում ԱՄՆ մեկնելը, հայտարարել էր. «Այո՛, մեր վոյաժները բյուջեի հաշվին են, բայց ոչ Հայաստանի»։

Մի կողմ եմ դնում այն հանգամանքը, որ հարցազրույցի ժամանակ պարոն երեսփոխանը երկու անգամ փորձեց այդ ուսումնական ծրագիրն անգլերեն ասել, ու նրա մոտ դա չստացվեց, և բացահայտ ցույց տվեց, որ նա չի տիրապետում անգլերենին, բայց շատ հետաքրքիր կլիներ լսել «ընտանիքի անդամի» կարծիքը այն փաստի վերաբերյալ, որ 2017թ․-ի սեպտեմբերի համեմատ 2019թ․-ի սեպտեմբերին 603 տոկոսով ավել գումար է ծախսվել Հայաստանի կառավարության կազմի մի մասի արտասահմանյան գործուղումների վրա։ Այդ գումարը կազմել է 187 միլիոն 410 հազար դրամ։ Հավելեմ նաև, որ որոշ գերատեսչություններ իրենք են իրենց բյուջեի հաշվին արտասահմանյան պաշտոնական գործուղումների ուղարկում իրենց աշխատակիցներին։ Ստացվում է, որ իրական թիվը նշված 603 տոկոսից ավելի մեծ է։ Կարո՞ղ է տիկին Աննա Հակոբյանի եղբայրը ասել, թե մեր՝ հարկատուներիս հաշվին արտասահման գնացող իր քայլիստ գյորմամիշ ընկերներն ինչպես կբացատրեն պետբյուջեի հաշվին իրենց այս վոյաժային թալանը։

Արտասահման մեկնելն ինքնանպատակ չպետք է լինի։ Ամեն գործուղման հիմքում պետք է լինի հաշվարկը, թե համապատասխան պաշտոնյայի մեկնելուց Հայաստանն ինչ օգուտ է ստանալու, սակայն, որքան հասկանում եմ, մեր պաշտոնյաները վայելում են իշխանությունը, այլ ոչ թե ծառայում ժողովրդին։

Փաստ է, որ պարոն վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցը տապալված էր։ Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում, ի տարբերություն նույն օրերին ԱՄՆ-ում գտնվող Ուկրաինայի նախագահի, նրան չընդունեցին ոչ մի մակարդակով։ 35-հոգանոց պատվիրակությունով ԱՄՆ մեկնելը Լոս Անջելեսում 10-հազարանոց հանրահավաքի մասնակիցների համար և ՄԱԿ-ում ելույթների նպատակով՝ աննպատակ և անիմաստ ահռելի ծախսեր էին։ Նույն խայտառակ պատկերն է նաև պետական մյուս գերատեսչությունների արտասահմանյան պաշտոնական գործուղումների շուրջ ևս։

Հ.Գ. Քայլիստները վայելում են իշխանությունը։ Ահռելի հավելավճարները, պարգևավճարները, հարյուրավոր միլիոն դրամների հասնող արտասահմանյան ծախսերը դրա վառ ապացույցն են։ Իսկ ժողովուրդն էլ թող ուրախանա 2020թ․-ի հունվարի 1-ից սպասվող աշխատավարձերի և թոշակների մի քանի գրոշով բարձրացմանը, իսկ եթե գազի գինը հայաստանյան սպառողների համար բարձրանա, ապա հանրության լայն շերտերը այդ գրոշների դրական էֆեկտը չեն էլ զգա իրենց գրպանի պարունակության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել