Pastinfo.am-ը գրում է․

Հատուկ քննչական ծառայությունը ոչ թե պարզաբանել էր, այլ ուղղակի մեջբերում էր արել Արա Բաբլոյանի հարցաքննության բովանդակությունից, ինչն ինձ համար զարմանալի էր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ի այսօրվա պարզաբանմանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն պարզաբանում էր տարածել Արա Բաբլոյանի այն հայտարարության կապակցությամբ, որի ժամանաը վերջինս որպես իր միակ խախտում մատնանշել էր Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում աջակցելը։ Մանսավորապես ՀՔԾ-ն հրապարակել էր քննիչի հարցին Արա Բաբլոյանի տված պատասխանը, որտեղ նշված էր. «Ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել:

Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են»։

Հարցին արդյոք 95-րդ հոդվածը չի՞ վերաբերում նաև Հրայր Թովմասյանին, այսինքն վերջինիս լիազորությունները նույնպես իրավունքի ուժով դադարել են, սահմանադրագետը դրական պատասխանեց.

«Եթե առկա չէ խախտում, ապա 95-րդ հոդվածն իրավունքի ուժով գործում է։ Խախտումը կարող է լինել, երբ ենթադրենք պատգամավորը, լինելով պատգամավոր, միաժամանակ զբաղեցնում է նաև պաշտոն առևտրային կազմակերպությունում և այդ հանգամանքը բացահայտվում է ԱԺ-ի կողմից։ Այդ պարագայում, այո՛, պետք է նախաձեռնվի գործընթաց։ Բայց այս պարագայում նման խախտում չկա»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նա հավելեց, որ Սահմանադրությունը թույլատրում է պատգամավորին լինել ՍԴ անդամի, դատավորի թեկնածու. «Սահմանադրությունը թույլատրում է ընտրվել այդ պաշտոնում և ընտրվելու պահից գործում է անհամատեղելիությունն իրավունքի ուժով։ Նույն տրամաբանությամբ էլ Արտակ Զեյնալյանի Արդարադատության նախարար նշանակվելն էր։ Վերջինս հրաժարականի դիմում չի ներկայացրել, քանի որ այն եղել է իրավունքի ուժով»,-նշեց սահմանադրագետը։

Վերջինս ընդգծեց, որ ՀՔԾ-ն այստեղ ոչ թե պետք է Արա Բաբլոյանի հարցաքննությունից ուղղակի մեջբերումներ աներ, այլ պարզաբաներ՝ ինչպես է քրեական գործ հարուցելիս 95-րդ հոդվածի հետ կապված ենթադրյալ խնդիր նկատել։ Արամ Վարդևանյանը նկատեց նաև, որ եթե ՀՔԾ-ն առանց որևէ այլ գնահատականի է ներկայացնում այն, ապա գուցե նաև ևս կիսում է այդ համոզմունքը. «Քանի որ տրամաբանությունն այն է, որ այստեղ 95-րդ հոդվածի տեսանկյունից որևէ խնդիր չի առաջանում, քանի որ այն գործում է իրավունքի ուժով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել