Armlur.am-ը գրում է.

Նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելուց հետո Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը մի ուշագրավ հայտարարություն էր արել. «Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել, ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն` որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Աժ իշխանական խմբակցության ներկայացուցիչներից պարզել, թե ինչ խախտման մասին է բարձրաձայնում Բաբլոյանը, ու արդյոք իրենք ուսումնասիրել ու պարզել են նրա թույլ տված այդ խախտումը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ:

-Պարո՛ն Բոշյան, նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Ձեր իշխանություններն արդեն անցնում են այն կարմիր գիծը, որն արգելված է, ու իրենց նախկին պաշտոնյաների դեմ սկսվել է քաղաքական հետապնդում: Իսկ ՀՀԿ-ական ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն էլ հայտարարել է, որ եթե իրեն մեղադրում են Սահմանադրության խախտման մեջ, ապա ինքն էլ հայտարարում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալու համար խախտել է օրենքը: Դուք պարզե՞լ եք` ինչի մասին է հայտարարում Բաբլոյանը:

-Շատ հետաքրքիր է հնչում, եթե ասում են, որ մենք անցել ենք անգամ Հանրապետական կուսակցության սահմանված պլանկան: Արտառոց է այդ հայտարարությունը այն առումով, որ իրենք էին ժամանակին ասում, որ իրենք անցել էին բոլոր սահմանները, որոնք հնարավոր էին: Իսկ այն, ինչ տեղի է ունենում, դրանք իրավական գործընթացներ են, իրավապահ համակարգն արդեն պաշտոնապես հայտարարել է այն խախտումների, չարաշահումների մասին, որն առկա է, որոնք իրենցից ենթադրում են քրեական գործի հարուցում: Մենք ուղղակի հետեւելու ենք գործընթացին որպես պատգամավորներ ու կծանոթանանք բոլոր այն մանրամասներին, որոնք կներկայացնեն իրավապահ համակարգից:

-Բայց, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, իշխանությունները սպառել են իրավական գործընթացներն ու անցել են ճնշման մեթոդներին ու «գործեր սարքելուն»: Համամի՞տ եք:

-Մեր քաղաքական ուժի համար նման գործընթացները, բացառապես իրավական են, ու մենք չենք պատկերացնում, որ մեր քաղաքական ինքնության մեջ նման բան լինի: Քաղաքական հետապնդումներ մեր քաղաքական ինքնության մեջ չի տեղավորվում: Մենք ինքներս եղել ենք քաղաքական հետապնդումների զոհ, ու մեր քաղաքական առաջնորդը` այսօրվա ՀՀ վարչապետը, եղել է ՀՀ-ում քաղբանտարկյալ, ու մենք այդ ամեն ինչը շատ լավ հասկանում ենք, դրա հետեւանքները: Մեր կողմից բացառված է ցանկացած քաղաքական հետապնդում, դա չի կարող տեղավորվել այսօրվա Հայաստանի տրամաբանության մեջ եւ, առավել եւս, մեր քաղաքական ուժի տրամաբանության մեջ, դա իրավական գործընթաց է ու այն հասնելու է իր տրամաբանական ավարտին, որտեղ փաստերի ճնշման տակ մենք կարձանագրենք այն, ինչ կա իրականում:

-Իսկ ԱԺ նախկին նախագահի պնդումնե՞րը Նիկոլ Փաշինյանի հետ կապված…

-Ես ուղղակի կուզեի հասկանալ, թե պարոն Բաբլոյանը ինչ նկատի ուներ: Ամեն հայտարարության հետեւից գնալ եւ ուսումնասիրել, դա պատկերացնո՞ւմ եք, թե մեզանից ինչ ժամանակ կտանի եւ ինչ էներգիա: Եթե պարոն Բաբլոյանը պնդում է, որ նա աջակցել է պարոն Փաշինյանին իշխանություն գալու, նաեւ պետք է ներկայացնի, թե դա ինչպես է եղել: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ունեցել ենք ՀՀ քաղաքացիների կողմից, հայ ժողովրդի կողմից: Այստեղ ուրիշ աջակցություն չի եղել ու չի կարող լինել: Սա հայտարարություն է, որը բացարձակ տեղին չէ, եւ պետք է հարգալից լինել մեր ժողովրդի նկատմամբ, ովքեր որ ստեղծել են այդ գործընթացը ու իշխանության են բերել այսօրվա քաղաքական թիմին:

-Ըստ ՀՀԿ-ական մի շարք ներկայացուցիչների` իշխանությունների նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին կալանավորելն է. նման նպատակ հետապնդո՞ւմ եք:

-Դա իրենց տրամաբանության մեջ է եւ իրենք քաղաքական էթիկայի բաղադրիչն է եղել, եւ, այսպես ասած, մեզ չափում են իրենց արշինով, մենք բացառապես իրավական գործընթացներ ենք իրականացնում այն գործիքներով, որոնք մեզ վերապահված են: Հանրապետական կուսակցությունը ուղղակի պետք է հորդորի իր գործընկեր Հրայր Թովմասյանին քաղաքականությամբ չզբաղվել, լինել իրեն լիազորված տիրույթում, եւ հորդորեն Հ. Թովմասյանին կամ բացատրեն նրան, որ այն խրամատը, որ իրենք փորել են, այդ խրամատում այլեւս պաշտպանության կարիք չունի, ու այդ խրամատը հայ ժողովուրդը քանդել է հեղափոխության ժամանակ: ՀՀ-ի ներսում խրամատներ չկան:

-Դուք ի՞նչ եք կարծում, ԱԺ-ն սպառե՞լ է իրավական բոլոր այն գործընթացները, որով հնարավոր կլիներ դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:

-Իմ համոզմամբ` ԱԺ-ն դեռ անելիքներ ունի այս թնջուկը լուծելու համար, եւ այն պատասխանը, որը եկավ ԱԺ-ին ՍԴ-ից, դա չի կարող բավարարել խորհրդարանին. այդ վերաբերմունքը անընդունելի է, եւ այն խուսանավումը, որը թույլ տվեց ՍԴ-ն` չպատասխանելով պատգամավորների հարցերին, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել: Սա անընդունելի է, որին պետք է արձագանքի Ազգային Ժողովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել