Hraparak.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ով ամիսներ առաջ բարոյական չէր համարում, որ մարզպետները կարող են իրենք իրենց պարգեւավճար տալ, այսօր՝ նախարարների աշխատավարձերը պարգեւավճարների հաշվին կրկնապատկելու փաստը ողջունում է.

«Ես այն ժամանակ ասել եմ, որ բարոյական հարթության վրա, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ մարդն իրեն պարգեւատրելու հնարավորություն ունենա, իսկ նախարարների պարագայում վարչապետի, ըստ էության՝ կառավարության որոշումով է»: Ավելին, պատգամավորը դրական է գնահատում աշխատավարձերի բարձրացումը: 

- Այո, ես կողմ եմ, որ աշխատավարձերը բարձրանան, մարդիկ պրոֆեսիոնալ աշխատանքի համար պետք է բարձր վարձատրություն ստանան, պրոֆեսիոնալներն էլ գան պետական համակարգ: Մենք նախաձեռնում ենք օրենսդրական փոփոխություններ, որպեսզի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձն էլ բարձրանա, եւ ըստ այդմ՝ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը բարձրանան: 

- Դուք տեղյա՞կ էիք, որ արդեն ամիսներ շարունակ բարձրացվել էր նախարարների, փոխնախարարների եւ այլոց վարձատրությունը:

- Ոչ, չգիտեի, բայց գուցե չգիտեի, որովհետեւ չեմ հետաքրքրվել:

- Գուցե հանրությունը դեռ պատրա՞ստ չէ, որ նախարարները 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստանան՝ այնպիսի «թալանված» երկրում, ինչպիսին Հայաստանն է, եւ գուցե դրա համա՞ր է թաքցվել:

- Կարծում եմ՝ հանրությունը պատրաստ է, քանզի հանրությանը տրվում է հաղորդագրությունը, որ պետական, առանցքային պաշտոնյաների աշխատավարձերը եւ ընդհանրապես՝ պետական աշխատողների աշխատավարձերը մասնավորից խիստ ցածր են, մինչդեռ այն պետք է մրցունակ լինի: Չի կարող մասնավոր համակարգում ձեռնարկության ղեկավարը ստանալ հինգ անգամ բարձր աշխատավարձ, քան  նախարարը: Որովհետեւ նախարարը նույնպես անում է բարդ եւ բարձր որակավորում պահանջող աշխատանք: Եվ եթե մենք ուզում ենք պրոֆեսիոնալներին բերել կառավարություն, եւ կառավարությունն էլ դառնա պրոֆեսիոնալ, պետք է բարձրացնենք:

- Հիմա, այն իշխանությունը, որը հպարտ քաղաքացիներին վստահեցնում էր, որ բոլոր որոշումները կայացնելու է հրապարակում՝ նրանց հետ միասին, այսօր հակառակն է անում:

- Գիտեք, կա պրոֆեսիոնալ դաշտ եւ կա դաշտ, որը պետք է մասնակցային լինի: Պրոֆեսիոնալ դաշտում մասնագետները պետք է որոշում կայացնեն եւ դրա համար պատասխանատվություն կրեն հանրության առաջ: Այսինքն՝ չի նշանակում, որ բոլոր մանր դետալների մեջ հանրությունը պետք է մտնի ու սկսի որոշումներ կայացնել, որովհետեւ հանրությունն այդ պրոֆեսիոնալիզմը չունի:

- Առհասարակ, վերջին շրջանում հաճախ են քննարկվում, քննադատվում իշխանության թույլ տված մեծ ծախսերը: Մի քիչ անսպասելի էր, որ հեղափոխական իշխանությունը պետք է գնա նախորդների ճանապարհով, մինչդեռ պարբերաբար հայտարարվում է, որ ավերակներ ու թալանված պետություն եք ժառանգել: ԱՄՆ այցից հետո վարչապետին քննադատեցին, որ 400 հազար դոլարից ավելի գումար ծախսվեց ԱՄՆ ուղեւորության եւ միտինգ անելու վրա, նախկինների ցոփությունը քննադատող Փաշինյանն ինքն է այսօր 2 միլիոն դոլար ծախսում կառավարական ամառանոցը վերանորոգելու համար եւ այլն: Հիմնավորվա՞ծ եք համարում այս քննադատությունները:

- Բայց արդյոք վարչապետն այնտեղ մենակ միտի՞նգ է արել, թե՞ այլ հանդիպումներ էլ է ունեցել:
Տեղի է ունեցել պաշտոնական այց, եւ ես կարծում եմ, որ Ձեր ասած միտինգը եղել է այդ պաշտոնական այցի առանցքային միջոցառումը: Որովհետեւ այդ 2 հազար մարդը, որ ամեն անգամ հավաքվում է ամեն տեղում, մարդիկ են, որ պիտի ստանան այդ հաղորդագրությունը, որ եկեք ձեր երկիր, որովհետեւ սա ձեր երկիրն է: Ի վերջո, սա կարեւոր եւ առանցքային գործ է, եթե անգամ այդ գործն արժենում է 500 հազար դոլար: Ես զգում եմ, որ տարբեր ծախսեր կան, որ հնարավոր է՝ ավելորդ են:

- Երկիր վերադառնալու համար պետք է այստեղ վերադառնալու պայմաններ ստեղծել։ Բացի այդ՝ հենց դուք էիք խոսում օպտիմալացնելու, խնայողության ռեժիմին անցնելու մասին:

- Այո, մենք ասել ենք, որ պետք է օպտիմալացնենք եւ պետք է հետեւողական լինենք, ու եթե ասում ենք, որ ծառայողական մեքենաների թիվը պետք է կրճատենք, ուրեմն պետք է կրճատենք: Գուցե պրոցեսը մի քիչ դանդաղել է, բայց անպայման պետք է շարունակել: Բայց խնդրում եմ՝ պետք չէ կենտրոնանալ հենց վարչապետի կատարած ծախսերի վրա, որովհետեւ պետք չէ անձով պայմանավորել, ինքը մեր երկրի վարչապետն է եւ ինքը պետք է անվտանգ լինի․ դա շատ կարեւոր է, ու այդ ծախսերն էլ դրա համար են:

- Դե, նախկիններն էլ էին երկրի վարչապետ, նախագահ, նախարար, բայց նրանց ծախսերն ընդդիմությունը, դուք, որ այսօրվա իշխանություն եք, քննադատում էիք:

- Ես չէի քննադատում, իհարկե, բայց հնարավոր է՝ քննադատեին: Ես այն կարծիքին եմ, որ իմ երկրի վարչապետը պիտի ապահով լինի եւ  ընդհանուր ընթացակարգային պրոցեսների մեջ չտարբերվի այլ երկրների վարչապետերից: Հիմա ասում են՝ ամառանոցը վերանորոգեց, բայց տեսա՞ք քանի հյուր տարավ այդ ամառանոց, սիրուն չէր լինի, չէ՞, որ այդ առանձնատան պատերը ճաքած լինեին: Եկեք մոռանանք՝ ով է վարչապետը, պետք է ներկայանալի լինի մեր պետությունը: Ի վերջո, այդ առանձնատունը Նիկոլ Փաշինյանը հետը չի տանելու, էդ մեր երկրի վարչապետինն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել