168.am-ը գրում է․

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «168 TV» «Ռեվյու» հաղորդման ժամանակ անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորմանը, ասաց, որ այդ գործընթացը հանդիսանում է իշխանությունների կողմից արդեն երկար ժամանակ իրականացվող մի գործընթացի մեկ օղակ:

«Այդ գործընթացի նպատակն է՝ ամեն գնով հասնել ՍԴ նախագահի հրաժարականին՝ որպես ծրագիր մինիմում, և որպես ծրագիր մաքսիմում՝ ՍԴ-ն ամբողջովին ընդգրկել արդեն տեսանելի ձևով ձևավորվող վարչապետի անձնիշխան համակարգի մեջ: Անձնիշխան համակարգը բրգաձև կառույց ունի և այս պահի դրությամբ իր մեջ ընդգրկում է ՀՀ ինստիտուտների մեծ մասը՝ օրենսդիր, գործադիր, տարբեր մարմիններ, իրավապահ համակարգը, դատական համակարգի մեծ մասը՝ ԲԴԽ-ով, և միակ մարմինը, որ դեռևս ընդգրկված չէ, ՍԴ-ն է, և, բնականաբար, քայլեր են կատարվում դա նույնպես ընդգրկելու համար»,- ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանի խոսքով՝ տեղի է ունենում քաղաքական գործընթաց, որի դիզայնը, ըստ նրա՝ իրավական ձևակերպումներն են. «Ոչ միայն Հրայր Թովմասյանի դեմ է քաղաքական գործընթաց սկսվել, այլև՝ Սահմանադրական դատարանի: Եթե հաջողվի Հրայր Թովմասյանին հեռացնել, ապա մնացած դատավորներին միգուցե մի քիչ ավելի հեշտ լինի, բայց տեսնում ենք, որ դա չի հաջողվում: Մենք տեսնում ենք մի երևույթ, որ հարցը երկու կողմի համար էլ դարձել է սկզբունքի հարց. վարչապետն ուզում է հեռացնել Հրայր Թովմասյանին և իր թիմակիցներից ինչ-որ մեկին նշանակել նախագահ, և դա իր համար սկզբունք է դարձել: Երբ անձնիշխան համակարգը ձևավորում ես, դրանով ինչ-որ խնդիրներ պետք է լուծես, հիմա այդ համակարգի ձևավորման գործընթացն է: Մյուս կողմի համար էլ դա կարևոր նշանակություն ունի, որովհետև մյուս կողմը բավականին քաջատեղյակ է և Սահմանադրությանը, և համապատասխան օրենքներին, և հասկանում է, որ իշխող քաղաքական ուժը չունի այն իրավական լծակները, որ ստիպի իրեն հրաժարական տալ»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ ՍԴ-ն ունի աջակցություն, և շնորհիվ այդ աջակցության՝ կարողանում է դիմադրել. «Երբ մենք տեսնում ենք, որ ԵՏՄ նիստից հետո Ռուսաստանի նախագահը ՌԴ դեսպանատանը հանդիպում է Երկրորդ նախագահի կնոջը, իսկ այս գործընթացն ամբողջովին սկսվեց այն ժամանակ, երբ ՍԴ-ն ընդունեց Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը: Այսինքն՝ այս ամբողջ գործընթացը պտտվում է Երկրորդ նախագահի շուրջ, և երբ ՌԴ նախագահը հանդիպում է Երկրորդ նախագահի կնոջը, սա մեսիջ էր Հայաստանի քաղաքական և ոչ միայն քաղաքական գործիչներին:

Եվ չմոռանանք երկրորդ մեսիջը, որ, երբ ԱԺ-ն իր հայտնի որոշումն  ուղարկեց ՍԴ, վերջինս այն մերժեց, բայց այդ մերժումից երկու օր առաջ ՍԴ-ում հանդիպում էր տեղի ունենում ԵՄ հզորագույն երկրի դեսպանի հետ: Հայաստանում տարբեր երկրների դեսպանները բավականին լավ տեղեկացված են՝ ինչ է տեղի ունենում այդ երկրում, և իրենք շատ լավ գիտեին, որ այդ որոշումը պետք է տեղի ունենա 2-3 օրվա ընթացքում: Եվ երբ դեսպանն այդ որոշումից առաջ է հանդիպում այդ որոշումն ընդունող սուբյեկտին, դա նույնպես ընկալելու ենք մեսիջ՝ ուղղված ՍԴ-ին: Նաև չպետք է մոռանանք, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է: Կարելի է մի քանի մարդկանց ուղարկել, որոնք թևերը ոլորելով՝ դուրս հանեն ՍԴ նախագահին այդ շենքից, խնդիրը դա չէ, խնդիրն այն է՝ իսկ կմարսի՞:

Չէ՞ որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, իսկ Եվրախորհրդի անդամ շատ երկրներ ԵՄ անդամ են, իսկ ԵՄ երկրների վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ արդեն տեսանելի է: 6 ամիս է՝ մենք տեսնում ենք սառը, որոշ դեպքերում՝ բացասական վերաբերմունքը, իսկ դա կարող է ազդեցություն ունենալ»:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն, ինչքան ներկայացնում է վարչապետ, իսկ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ըստ նրա՝ բավականին սառեցված են:

Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, թե ինքը խախտում է թույլ տվել՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության, Արմեն Բադալյանն ասաց, որ, եթե ընթացք տրվի Արա Բաբլոյանի այդ հայտարարությանը, ապա դա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի համար.

«Եթե պարզվի, որ օրինական չի եղել իշխանության գալը, բնականաբար, պետք է իրավական գործընթացներ տեղի ունենան: Այսինքն՝ նորից պետք է բոլոր գործընթացները տեղի ունենա: Իսկ եթե վարչապետը մեկ անգամ թողեց այդ պաշտոնը, հավատացեք՝ նա երկրորդ անգամ այն չի զբաղեցնի: Երկրորդ անդամ նախորդ տարվա մայիսի 8-ը չի կրկնվի»:

Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել