Hraparak.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետ է նշանակվել Արթուր Ավալյանը: Մամուլը 2017 թվականին հայտնել էր, որ նա ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ազատվել է զբաղեցրած պաշտոնից կաշառքի համար։ Հետաքրքիր է այն, որ հիմա նշանակվել է նման բարձր պաշտոնի։

Մենք տեղեկացանք, որ Ավալյանի նշանակումն այդքան էլ պատահական չէ, կաշառքի համար ազատվածը բարձր պաշտոնի է նշանակվել հոր՝ Ռոբերտ Ավալյանի ԱԱԾ-ի հետ ունեցած ամուր կապերի շնորհիվ․ նա երկարամյա ԱԱԾ-ական է եղել։ Նույն կապերի շնորհիվ էլ ընտանիքի մայրն է պինդ մնացել իր պաշտոնին, նա էլ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ԶԱԳՍ) պետ է։
Արթուր Ավալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ հայրն արդեն 5 տարի է՝ ԱԱԾ-ում չի աշխատում, կենսաթոշակառու է․ «Որեւէ կապ չկա։ Համապատասխան կարգով մրցույթի եմ մասնակցել, այդ մրցույթի արդյունքում հաղթող եմ ճանաչվել  թափուր պաշտոնի համար եւ նշանակվել եմ այս պաշտոնին»։

Նա հաստատեց, որ մայրն աշխատում է  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։

Նախկինում կաշառքի համար ազատվելու վերաբերյալ հարցին ի պատասխան էլ ասաց՝ մնացած բոլոր հարցերի առնչությամբ զանգահարեք ՊԵԿ լրատվական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել