Pastinfo.am-ը գրում է.

Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա։ Պետք է հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս, անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որով կյանքի դժվարին իրավիճակում հայտված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով է իրականացվելու, ասաց. «Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների։ Նույն ֆինանսավորումը, որը կառավարությունը տալիս է, հայտարարում է մրցույթ, ընտրում է կազմակերպություն, որը տարեցներին կմատուցի ծառայություններ»,-ասաց վարչապետը։
Նա նկատեց, որ արդյունքում շահառու տարեցները ոչ թե կհայտնվեն այս կամ այն կազմակերպության «կալանավորի» կարգավիճակում, այլ կկարողանան արտահայտել իրենց վերաբերմունքը։ Վարչապետն ընդգծեց, որ սա արվում է հենց շահառուների համար և նպատակաուղղված է բարձրացնելու նրանց մատուցվող ծառայությունների որակը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանդիպել է Գյումրու տուն-ինտերնատի աշխատակիցներին. «Վիզուալ կարելի էր տեսնել, որ նրանց պատշաճ ծառայություն չի մատուցվում, որովհետև այդ համակարգը հնացած է։ Շահառուն պետք է հնարավորություն ունենա գնահատել իրեն մատուցվող ծառայությունների որակը»,-ասաց վարչապետը։

Անդրադառնալով Գյումրիում գիշերօթիկ դպրոց փակելու խնդրին՝ վարչապետը նկատեց՝ այնտեղ ավելի շատ աշխատող, քան երեխա կա, իսկ շահառուն երեխան է. «Մեր խնդիրն աշխատատեղ ստըեղծելը չէ, այլ երեխայի շահերը պաշտպանելը։ Փոփոխությունը նրա համար է, որ այդ միջոցները գնան երեխայի հետևից, մտնեն նրա ընտանիք, փորձեն այնտեղ որոշակի ներդրում անել, որ ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի համար։ Մեր այս համակարգերը որոշակի շերտավորման ֆոն են ստեղծել, որի դեմ պետք է պայքարենք առանց սենտիմենտների»,-ասաց վարչապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել