«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում քաղաքացիները հույսեր ունին, որ մեր երկիրը թեւակոխելու է թռիչքաձեւ զարգացման նոր փուլ, սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հույսերը իրականություն չեն դառնում:

Իշխանությունը չունի այն որակական հատկանիշները, որով կկարողանա երկրում քաղաքական կայունություն ապահովել եւ դնել տնտեսական զարգացման հիմքերը։ Եվ որպեսզի երկիրը զարգացնելու իր անկարողությունը լիովին տեսանելի չդառնա, կառավարությունը դիմում է որոշակի մարտավարական հնարքների:

Հյուսվում են լեգենդներ որեւէ խոչընդոտի կամ պայմանական հակառակորդի մասին, որը թույլ չի տալիս, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը երկիրը ծանր վիճակից դուրս հանի:

Եվ պայքարելով դրա դեմ ու այդ խոչընդոտը «հաղթահարելով»՝ իշխանությունը հանրությանն է հրամցնում նոր միֆ, թե երկրի զարգացմանը խոչընդոտում է մեկ այլ արգելք, որը պետք է հաղթահարվի:

Հիմա փաստերի հիման վրա ցույց տանք, թե ինչի մասին է խոսքը: Երբ Փաշինյանն անցած տարի ընտրվեց վարչապետի պաշտոնում, մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ վերջինիս խոստացած կտրուկ փոփոխությունները երկրի համար իրականություն չեն դառնում ու դժվար էլ դառնան:

Այդ ժամանակ էլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե այդ ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը սաբոտաժ է անում եւ թույլ չի տալիս, որ ինքը երկիրը դնի զարգացման ռելսերի վրա, թեպետ չէր եղել մի օրինագիծ, որը կառավարությունը ներկայացներ, իսկ խորհրդարանը մերժեր:

Ինչեւէ, արտահերթ ընտրությունները տեղի ունեցան, բայց հանրությունը այս անգամ եւս լուրջ փոփոխությունների ականատես չեղավ:

Դրանից հետո էլ սկսվեց «նախկինների» ստվերի դեմ երկարատեւ «պատերազմը», որը տարբեր դոզաներով ու անուններով շարունակվում է նաեւ այսօր:

Այդ ընթացքը զուգորդվում էր տարբեր քրեական գործերի հարուցման եւ պետությանը գումարների վերադարձման մասին ճոխ տեղեկությունների տարածմամբ:

Սակայն գումարների վերադարձի մասին տեղեկությունների տարածումը որեւէ շոշափելի արդյունք չունեցավ բնակչության սոցիալ-տնտեսական կյանքում: Կարծես թե այդ մասին հրապարակումները ավելի շատ կոչված էին սենսացիա ապահովելու խնդրի լուծմանը:

Քանի որ ժամանակն անցնում էր, իսկ իշխանության խոստումները մնում էին անկատար, նոր թշնամու կերպար կերտվեց, այն դատական համակարգն է, հատկապես Սահմանադրական դատարանը: Իսկ հիմա իշխանությունը տարբեր ճնշումների միջոցով եւ քրեական գործերի հարուցման միջոցով ուզում է իրենով անել ՍԴ-ն:

Սակայն հարցն այն է, թե ՍԴ-ի շուրջ իրավիճակի կարգավորումից հետո ո՞րն է լինելու հաջորդ «ախոյանը», որը բռնել է իշխանության ձեռքը եւ չի թողնում կախարդական փայտիկի միջոցով առաջ մղել մեր երկրի զարգացումը:

Այդուամենայնիվ, ենթադրենք, որ այս ամենին զուգահեռ նոր թիրախ է ընտրվելու Սահմանադրությունը։

Շուտով իշխանավորները փաստեր կբերեն, թե գործող Սահմանադրությունը չի բխում երկրի շահերից, դրա համար էլ դրական փոփոխություններ չկան։

Միգուցե նաեւ իրենց անգործությունն արդարացնելու համար իշխանությունների կողմից հորինվեն վտանգավոր դավադրությունների եւ ռեւանշիզմի մասին նոր պատմություններ, որին կհետեւի վհուկների որսը։ Եվ այսպես շարունակ ժողովուրդը տպավորություն է ստանալու, թե կառավարությունը ցանկանում է գործի անցնել, բայց նրան թույլ չեն տալիս:

Փաստորեն ստացվում է, որ իրական խնդիրների վրա կենտրոնանալու ու գործ անելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է «ժողովրդի թշնամիների» փնտրտուքով։

Դե, «խանգարողներ» միշտ «պետք» կլինեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել