«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հոկտեմբերի 18-ին որոշում է ընդունել 2019 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 25 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 2 միլիոն 475 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չեն այդ որոշման հավելվածը, դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները։ Մարզպետի ընդունած, դրամական աջակցության մասին նախորդ որոշումների հավելվածները եւս հրապարակված չեն մարզպետարանի կայքում։

Հոկտեմբերի 18-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի, Սիսակ Գաբրիելյանի, Հայկ Գեւորգյանի եւ նոյեմբերյանցիների հանդիպման ժամանակ պատգամավորներին «Ժողովուրդ» օրաթերթը հարց ուղղեց այն մասին, որ պետական կառավարման եւ ընդունված որոշումների թափանցիկության մասին քարոզող Տավուշի մարզպետ Չոբանյանը մշտապես չի հրապարակում պետական բյուջեիցիրեն եւ Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին դրամական պարգեւատրման մասին մարզպետի որոշումները, չի հայտնում, թե մարզպետարանի որ աշխատակիցները որքան գումարով են պարգեւատրվել, վերջիններս իրենց աշխատանքում ինչ ձեռքբերումներ ունեն, որ պարբերաբար պետական բյուջեից պարգեւատրվում են:

Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի այդ դիտարկմանը` ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը խոստացավ հետամուտ լինել ու այդ հարցն ուսումնասիրել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել