Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր Կառավարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ի թիվս այլ փոփոխությունների, մասնավորապես, առաջարկվում է,  որ ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք: Ըստ փաթեթի՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում  նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների  անդամ ֆիզիկական անձինք:

Այսպիսով՝ ընդլայնվում է  ընդերքի ոլորտում իրական սեփականատերերի հասկացությունը:

Պետք է արձանագրել, որ Հայաստանում իրական սեփականատերերի բացահայտման գործընթացն սկսվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)՝ բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտի ներդրման շրջանակում։ Նկատենք, որ հարցը վիճելի է համարվում հատկապես Հայաստան ներդրումներ բերելու տեսանկյունից, քանի որ մեծ հարց է մնում այն, թե  այս ամենից հետո ներդրողներին որքանո՞վ գրավիչ կթվա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն առհասարակ:

ԱԺ կողմից կայացված որոշումն, իհարկե, ուշագրավ է նաև մեկ այլ տեսանկյունից՝ Ամուլսարի խնդրի: Ի դեպ, վերջինիս մասին հոկտեմբերի 23-ին խոսել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսիում հայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը: Նա, մասնավորապես, անդրադառնալով  հանքի շահագործման դեմ հնչող բողոքների թեմային, հայտարարել էր. «Ես ձեզ նաև տեղեկացնեմ, որ Ամուլսարի դեմ արշավն, ընդհանուր առմամբ, միանշանակ արշավ չէ, որովհետև կան անկեղծ ու ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրն աղետ է, բայց կան նաև մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ, որոնք, որ գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում, և այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, համենայն դեպս՝ նախկինում ներդնում էին, որպեսզի այս արշավը կազմակերպվի, թե չէ ձեզ վստահեցնում եմ՝ Ամուլսարի մասին դուք չէիք լսելու, որովհետև նմանատիպ հնչեղություն տալու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որ ինտենսիվորեն դեռ 2016-17թթ-ից արվում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել