Pastinfo.am-ը գրում է․

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու մասին փաստաբանի դիմումի մերժելու որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Եթե նրանք խելացի գտնվեն, պետք է ցուցում տրվի, որպեսզի այդ պաշտպանական միջոցները կիրառեն։ Նույնիսկ ԵԽ-ում կա արձանագրում, որ «Հայելի» ակումբի վրա տեղի է ունեցել հարձակում՝ իշխանության յուրայինների կողմից։ Հենց այդպես էլ նշված է, որ «Հայելի» ակումբի վրա իշխանության մերձավորներն են հարձակում գործել։ Արդեն մենք կարող ենք դիտարկել, որ իշխանությունն ինքն է խրախուսում նման հարձակումները»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։

Որոշման դեմ բողոքը ներկայացվել է այն իրավական հիմնավորմամբ, որ «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը ոչ միայն վնաս է հասցրել խոսքի ազատությանը, այլև ստեղծել է սպառնալիքներ լրագրող Անժելա Թովմասյանի և «Հայելի» ակումբի անվտանգ գործունեության համար։ «Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է կատարել խոսքի ազատության և լրագրողների անվտանգության պաշտպանության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները` ապահովելով բարենպաստ դատական պաշտպանություն և ամենայն լրջությամբ ուսումնասիրելով լրագրողներին ուղղված սպառնալիքները ու հալածանքների փաստերը:

«ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածը ամրագրել է Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան, համաձայն որի`«1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան…»:Խոսքի և տեղեկատվության ազատությունը հիմնարար իրավունք է, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Այդ իրավունքը ներառում է լրատվամիջոցների ազատությունը, ինչը կարևոր նախադրյալ է ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման համար:Խոսքի ազատության համար բարենպաստ միջավայր ստեղծելու և ապահովելու համար, ինչպես երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, պետությունը պետք է կատարի մի շարք դրական պարտավորություններ, ինչպես նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռներում և սահմանված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM / Rec (2016) 4 Հանձնարարականում անդամ երկրներին, որի հավելվածում ամրագրված ուղենիշները՝ լրագրողների և լրատվամիջոցների այլ դերակատարների լրագրության և անվտանգության պաշտպանության վերաբերյալ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլուխը սահմանում է պաշտպանության միջոց ձեռնարկելու անհրաժեշտության մասին համապատասխան դրույթները»,- նշել է փաստաբանը՝ ի հիմնավորումն անվտանգության միջոցների ձեռնարկմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։ Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը, հարուցվել է նաեւ քրեական գործ։

Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ այս գործով Անժելա Թովմասյանը ճանաչվել է տուժող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել